ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցի համաձայն, հուլիս ամսին Ուկրինայում 143 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա։ Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում քաղաքացիական զոհերի ճշգրտված թիվը հասել է 9 հազար 369 մարդու։
ՄԱԿ-ի յուրաքանչյուր զեկույցում նշվում է, որ զոհերի թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ ստույգ տվյալներ չկան ռուսական ուժերի գրաված ուկրաինական քաղաքներից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ այս գիշեր ուկրաինական երկու անօդաչուներ են խոցվել Մոսկվայի շրջանի երկնքում։
Կրեմլը հայտնում է, որ մեկ անօդաչու էլ ռադիոէլեկտրոնային միջոցների կիրառման արդյունքում կորցրել է կառավարումը և բախվել «Մոսկվա սիթի» ոչ բնակելի համալիրին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ վնասվել է 21-րդ հարկի ապակեպատ ճակատը, մարդիկ չեն տուժել։ Այս շենքում է գտնվում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը։
Անցած կիրակի ևս դրոնը հարվածել էր «Մոսկվա սիթի» շենքին, մեկ մարդ էր տուժել։
Ուկրաինայի պաշտպանության նախարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրվել Ուկրաինայի տարածքում ԱԹՍ վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն կառուցելու մասին։
Հուլիսի սկզբին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ թուրքական Baykar ընկերությունը սկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների կառավարման 10 հազար օպերատորներ են պատրաստվել, ևս 10 հազար մասնագետների ուսուցումը ընթացքի մեջ է։
Կրիվոյ Ռոգ ուկրաինական քաղաքին ռուսների հասցրած հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ տասնամյա մի աղջիկ և նրա 45-ամյա մայրը:
Ենթադրվում է, որ ավերակների տակ կարող են մարդիկ գտնվել՝ ողջ, թե զոհված, դեռ հայտնի չէ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 53 բնակիչներ: Հրթիռը հարվածել է 9-հարկանի շենքին:
Ըստ ուկրաինական իշխանությունների, մեկ հրթիռ էլ հարվածել է Կրիվոյ Ռոգի համալսարանի 4-հարկանի շենքին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն ասել է, որ 9-հարկանի շենքում ավերվել է 4-րդից 9-րդ հարկերի հատվածը: