Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին այսօր հայտարարել է, որ Բելառուսում գտնվող «Վագներ» խմբավորման ավելի քան 100 վարձկաններ տեղակայվել են այսպես կոչված՝ Սուվալկի միջանցք՝ Լեհաստանի և Լիտվայի սահմանների մոտ։
Սուվալկի միջանցքը Լեհաստանն ու Լիտվան կապող տարածք է, որի լայնությունը մոտ 100 կիլոմետր է։ Այդ տարածքից դեպի հյուսիս-արևմուտք Ռուսաստանի Կալինինգրադի մարզն է, հարավ-արևելքում՝ Բելառուսի տարածքը։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հիպոթետիկ զինված հակամարտության մասին տարբեր հրապարակումներում հաճախ է նշվում, որ նման հակամարտության պարագայում Ռուսաստանը, կտրելով այս միջանցքը, կարող է Բալթյան երկրները կտրել Լեհաստանից և, հետևաբար, Արևմտյան Եվրոպայից։
Մորավիեցկին չի հստակեցրել, թե որտեղից է ստացել վագներականների տեղաբաշխման մասին տվյալներըմ և որոնք կարող են լինել նրանց առաջադրանքները: Նրա գնահատմամբ՝ այդ զարգացումը «քայլ է դեպի նոր հիբրիդային հարձակում Լեհաստանի տարածքում»: Լեհ պաշտոնյան հիշեցրել է, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Բելառուսի տարածքից Լեհաստանի և ԵՄ այլ երկրների սահմաններն ապօրինի հատելու փորձերը, և ենթադրել, որ «Վագների» զինյալները կարող են թե՛ միգրանտներին օգնել լեհական սահմանը հատելիս, թե՛ իրենք, ներկայանալով որպես միգրանտներ, փորձել հատել սահմանը։
«Վագները» և Բելառուսի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Մորավիեցկու պնդումները։ Լեհաստանի վարչապետի խոսքերը անկախ աղբյուրները ևս դեռ չեն հաստատել։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի հետ աֆրիկյան առաջնորդների հանդիպմանը Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերադառնալ հացահատիկի գործարքին։ Միաժամանակ նա հասկացրել է, որ Աֆրիկայում հացահատիկ մատակարարելու Ռուսաստանի առաջարկները, այդ թվում՝ անվճար, չեն կարող փոխարինել «սևծովյան համաձայնագրին»։
«Մենք չենք եկել «նվերներ» խնդրելու, իհարկե, հասկանում ենք, որ Դուք, մեծահոգաբար որոշել եք առանց փոխհատուցման հացահատիկ տրամադրել աֆրիկյան որոշ երկրների, որոնք բախվում են դժվարությունների... բայց մեր նպատակը դա չէ , մեր հիմնական խնդիրը նմանօրինակ մատակարարումների հասնելը չէ»,- ասել է Ռամապոզան, հարավաֆրիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Պուտինն ավելի վաղ խոստացել էր 25-50 հազար տոննա հացահատիկ անվճար մատակարարել վեց պետությունների՝ Բուրկինա Ֆասոյին, Զիմբաբվեին, Մալիին, Սոմալիին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը և Էրիթրեային։ Ըստ տարբեր գնահատականների՝ Ռուսաստանի առաջարկած ծավալն այդ երկրներին անհրաժեշտ հացահատիկի միայն չնչին մասն է։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աֆրիկյան շուկայում ուկրաինական հացահատիկը փոխարինել կոմերցիոն հիմունքներով։
Ռուսական զորքերը երեկ երեկոյան կրկին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Դնեպրում թիրախավորվել է բազմահարկ բնակելի շենք, հաղորդվում է ինը տուժածի մասին, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դնեպրում բացի բնակելի շենքից, վնասվել է է նաև անվտանգության ծառայության վարչական շենքը։
Ավելի վաղ Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը տելեգրամյան իր ալիքում հայտնել էր, որ ռուսական ուժերի հրթիռային հարձակման թիրախը Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակի շենքն է։ Նրա խոսքով՝ արդեն երրորդ անգամ են փորձում գնդակոծել կառույցը, որը, ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ, դատարակ է։
Գնդակոծությունների մասին են հաղորդում նաև Ռուսաստանի վերահսկողութան տակ գտնվող Դոնեցկից։ Տեղի իշխանությունները հայտնում են մեկ զոհի, ութ վիրավորի մասին։
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ևս մեկ վրաց կամավոր է զոհվել։ Վրացական լրատվամիջոցների համաձայն՝ Աչիկո Դևրիսաշվիլին մահացել է Բախմուտի մոտ։
«Պիրվելի» հեռուստաընկերության տվյալներով՝ Դևրիսաշվիլին ուկրաինական գումարտակներից մեկի հրամանատարներից է։
Անցյալ տարվա փետրվարից ի վեր Ուկրաինայում մոտ 40 վրացի կամավոր է զոհվել։ Վրացական իշխանությունները Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման առաջին օրերից փորձել են կանխել վրաց կամավորականների խմբերի Ուկրաինա մեկնումը։ Ի պատասխան նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից մի քանի օր անց հետ կանչեց Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին՝ վրացական իշխանություններին քննադատելով Կիևին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։