Մոսկվայում նախօրեին ձերբակալել են ազգայնական Իգոր Գիրկինին, ով նախագահ Վլադիմիր Պուտինին հրապարակավ քննադատել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ոչ արդյունավետ իրականացնելու և նպատակներին չհասնելու համար:
Գիրկինին ներկայացրել են ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեղադրանք, որով նա կարող է դատապարտվել ընդհուպ 5 տարվա ազատազրկման: Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանի վճռով նա կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 18-ը:
«Նա կարող էր երաշխավորներ ներկայացնել, մենք կարող էինք նրա լավ բնութագրերը ներկայացնել, եթե մեզ ժամանակ տրվեր: Ցավոք, դատավորը դա մերժեց։ Պայքարը շարունակելու ենք վերաքննիչ դատարանում», - ասել է Գիրկինի փաստաբան Ալեքսանդր Մոլոխովը:
Իգոր Գիրկինը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա է, հայտնի է նաև որպես Իգոր Ստրելկով:
2014 թվականին նա մասնակցել է Ղրիմը զավթելու գործողությանը, ապա կազմել է ռուսամետ զինյալների ջոկատներ, որոնք Դոնբասի տարածքում մասնակցել են ռազմական գործողություններին: Նա այնտեղ երեք ամսով հռչակվել էր Դոնբասի ինքնակոչ կազմավորման պաշտպանության նախարար:
Գիրկինին հեռակա կարգով ցմահ ազատազրկման են դատապարտել Malaysia Airlines MH17 Boeing-ը 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքումն վայր գցելու համար: Այդ հանցագործության զոհ է դարձել 298 մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները:
Մոսկվան հայտարարել է, որ Սև ծովում Կիևի անկանխատեսելի գործողությունները կարող են սպառնալիք դառնալ քաղաքացիական նավերի համար:
Այդ մասին նախօրեին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով ուկրաինացիներին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչական գրոհներ իրականացնելու համար:
«Անկանխատեսելի գործողությունները և Կիևի ռեժիմի առնչությունն ահաբեկչական քայլերին Սև ծովում վտանգ են ստեղծում: Որովհետև Կիևի ռեժիմը բացարձակ անկանխատեսելի է և ոչ մի բանից չի խորշում: Ուստի, ուկրաինացիների հայտարարությունները լուրջ վտանգ են ներկայացնում», - ասել է Պեսկովը:
Հուլիսի 19-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե դեպի Ուկրաինա շարժվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես թշնամական՝ դրանից բխող հետևանքներով:
Դրան ի պատասխան՝ Ուկրաինան հուլիսի 20-ին հայտարարել է, որ ռուսական ծովային նավահանգիստների ուղղությամբ նավարկող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռներ տեղափոխող՝ դրանից բխող հետևանքներով:
Հարցին, թե արդյո՞ք ուկրաինական կողմի այդ հայտարարությունից հետո ռուսական նավթ և այլ ապրանքներ փոխադրող նավերը Սև ծովում վտանգի տակ են, և արդյո՞ք Ռուսաստանը կփոխի դրանց երթուղիները, Պեսկովն արձագանքել է, որ խնդիրը քննարկվում է:
«Պատկան գերատեսչությունները վերլուծում են իրավիճակը և կմշակեն հանձնարարականներ վտանգները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ասել է, որ Օդեսայի վրա ռուսների հարձակման համար պատասխան կլինի:
«Այսօր ռուսական հրթիռները և անօդաչուները նորից հարվածել են Օդեսային և մեր հարավային շրջաններին: Միայն բացարձակ չարիքը կարող է նման բան անել: Դրան պատասխան կլինի», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով, հաջողության չի հասնի որևէ մեկը, ով ենթադրում է, թե Սև ծովը կարող է դարձնել ահաբեկչության և կամայական գործողությունների տարածք:
«Մենք գիտենք, թե ինչպես պետք է պաշտպանվենք, և մենք տեսնում ենք, որ աշխարհը պատրաստ է միավորվել ու ավելի ակտիվ աշխատել այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», - ասել է Զելենսկին:
Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 25-ին, Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Ենթադրվում է, որ նոր փաթեթով ուկրաինական բանակը կստանա զինամթերք և Stryker տեսակի ութանիվ զրահապատ մեքենաներ:
Բացի այդ, Պենտագոնն իր պաշարներից կհատկացնի ականազերծման սարքավորումներ, NASAMS, Patriot և HIMARS զենիթային համակարգերի զինամթերք, ինչպես նաև TOW և Javelin տեսակների հակահրասայլային համակարգերի հրթիռներ:
Հուլիսի 20-ին CNN հեռուստակայանն է հայտնել, որ Պենտագոնը մշակում է Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու ծրագիր: