F-16 կործանիչների փոխանցումը Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ը և նրա ՆԱՏՕ-ական արբանյակները ստեղծում են Ռուսաստանի հետ անմիջական զինված բախման վտանգ, և դա հղի է աղետալի հետևանքներով», - ասել է Լավրովը:
«Չափազանց վտանգավոր զարգացման ընդամենը մեկ օրինակ՝ ԱՄՆ-ի պլանները F-16 կործանիչներ փոխանցել Կիևի ռեժիմին: Մենք տեղեկացրել ենք ԱՄՆ միջուկային ուժերին, Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Այստեղ ոչ մի հավաստիացումներ չեն օգնի», - նշել է Լավրովը Lenta.ru առցանց հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները չեն պարզելու՝ նշված տիպի յուրաքանչյուր կոնկրետ ինքնաթիռ միջուկային զենք կրո՞ւմ է, թե՞՝ ոչ։
«Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք», - ընդգծել է Լավրովը։
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընդունել է գործողությունների ծրագիր, որի համաձայն, Լեհաստան կուղարկվի 100 հազար զինվոր այն դեպքում, եթե այդ երկիրը հայտնվի հարձակման ենթարկվելու վտանգի տակ:
Այդ մասին հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լեհական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նրա փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն նաև զինապահեստներ կտեղակայի Լեհաստանի տարածքում:
«Ես կասեմ, թե ինչ կլինի, եթե [Բելառուսի տարածքից] հարձակման ենթարկվի Բրեստի դարպասը: Եթե, օրինակ, նման բան պատահի, ՆԱՏՕ-ն պաշտպանությունն ապահովելու համար անհապաղ Լեհաստան կուղարկի 100 հազար զինծառայողներ»,- ասել է Դուդան:
Նրա խոսքով, այդ մեխանիզմը ներառվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերում: Այսօրվա դրությամբ Լեհաստանում տեղակայված են Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ 10 հազար զինծառայողներ, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներից է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Վիլնյուսում ասել է, որ պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու խնդրում, սակայն նման առաջարկ դեռ չի ստացել:
«Եթե կողմերը ցանկանան՝ մենք ուրախ կլինենք դա անել: Թուրքիան երկիր է, որը հանգիստ կարող է խոսել թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի հետ», - ասել է Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ Ստամբուլը «հացահատիկի միջանցք» է դարձել, միանալով ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված ռուս-ուկրաինական գործարքին, որի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներում պաշարված պարենը փոխադրվել է արտերկիր:
Էրդողանն ասել է, որ նույն օրինակով Թուրքիան պատրաստ է նաև միջնորդել ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում:
Այդ հայտարարություններով Էրդողանը հանդես է եկել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատապարտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու «Մեծ յոթնյակի» նախաձեռնությունը և այն «չափազանց վտանգավոր» է անվանել:
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալով, այդ երկրները գործնականում կանտեսեն անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը», - հայտարարել է Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, դա կլինի ոտնձգություն Ռուսաստանի անվտանգության նկատմամբ, ինչը հղի է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բացասական հետևանքներով: Ռուսաստանը, Պեսկվի խոսքով, ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: