Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր երկրում վիրավորվել է 1052 երեխա, զոհվել՝ 494-ը։
831 երեխա համարվում է անհետ կորած: Բացի այդ, Ուկրաինայի գնահատականներով, ռուսները երկրից դուրս են բերել գրեթե 19,5 հազար երեխայի։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 50 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 65 մլն դոլար) նոր օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ ռազմական սարքավորումների վերանորոգման և վերականգնողական կենտրոն ստեղծելու համար, հաղորդում է Reuters-ը:
Փաթեթի շրջանակում, որի մանրամասները կքննարկվեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Մեծ Բրիտանիան և Մեծ յոթնյակի երկրները նաև լրացուցիչ հազար միավոր ռազմամթերք կտրամադրեն բրիտանական Challenger 2 տանկերի համար։
Ֆինանսավորումը կտրամադրվի Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնության համապարփակ փաթեթով և կաջակցվի Դաշինքի բոլոր երկրների վերականգնողական մասնագետների կողմից, ասվում է բրիտանական կառավարության հայտարարությունում:
Ակնկալվում է, որ Մեծ յոթնյակի բոլոր անդամները կստորագրեն համատեղ հռչակագիրը։ Փաստաթուղթը կսահմանի, թե ինչպես են դաշնակիցներն աջակցելու Ուկրաինային առաջիկա տարիներին։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանները դեռ պետք է հասունանան:
«Վաղ թե ուշ բանակցությունները հնարավոր կլինեն, դա բնական է, քանի որ ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ զինված, ավարտվում է բանակցություններով, բայց դրանց պայմանները դեռ պետք է հասունանան», - ասել է Նարիշկինը:
Նա հաստատել է, որ հունիսի վերջին հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ:
«Զրույցի պատճառը հունիսի 24-ի իրադարձությունն էր [Եվգենի Պրիգոժինի ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովության փորձը]: Բայց դա, երևի, ավելի շատ առիթ էր, որովհետև զրույցի հիմնական մասը նվիրված էր Ուկրաինայի թեմային: Մենք քննարկում էինք Ուկրաինայի խնդրի կարգավորման ուղիները», - հայտնել է Նարիշկինը:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով ավագ տնօրեն Ամանդա Սլոաթի փոխանցմամբ, «Մեծ յոթնյակի» երկրները կհայտարարեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու մասին:
«Նախագահ Ջո Բայդենը, «Մեծ յոթնյակի» լիդերները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես կգան կարևոր հայտարարությամբ: Միացյալ Նահանգները և «Մեծ յոթնյակը» կհայտարարեն Ուկրաինայի սատարելու մասին և կօգնեն այդ երկրին ստեղծել այնպիսի զինված ուժեր, որոնք ի զորու կլինեն պաշտպանվել և զսպել ապագայում հնարավոր հարձակումներն»,- ասել է Սլոաթը:
Նրա խոսքով, այդ երաշխիքների մասին հայտարարությունը կհրապարակվի այսօր՝ Վիլնյուսում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո:
Հայտարարությունում տեղ կգտնեն Ուկրաինայի գործընկերներին հասցեագրված դրույթներ, որոնք ուղղված են երկարաժամկետ անվտանգության երկկողմ երաշխիքների տրամադրմանը:
«Մի քանի երկրների հեղինակած համատեղ հայտարարությունը կդառնա հստակ ուղերձ Ռուսաստանին առ այն, որ ժամանակը նրա կողքին չէ»,- ասել է Սլոաթը: