Այսօր Նիդերլանդներում՝ Հաագայում բացվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կատարած հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոնը:
Այդ կառույցի ստեղծումը համարվում է առաջին քայլը Ռուսաստանի Դաշնության պետական և զինվորական լիդերներին միջազգային դատարանի մակարդակով պատասխանատվության կանչելու համար:
Նորաստեղծ կառույցի պաշտոնական անունն է «Ագրեսիայի հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոն»: Այնտեղ աշխատում են դատախազներ Ուկրաինայից, Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից և Միջազգային քրեական դատարանից: Ենթադրվում է, որ նրանք պետք է ապացույցներ հավաքեն, ինչը կլինի միջանկյալ քայլ հետագայում հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պնդում է, որ կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի մահափորձը:
Ըստ Անվտանգության դաշնային ծառայության, Ակսյոնովին, իբր, պետք է հեռավար ռումբով ոչնչացներ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մի ռուսաստանցի, ով արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել:
ԱԴԾ-ի տարածած տեսանյութում այդ անձը փոխանցում է, որ պետք է ռումբ տեղադրեր մի մեքենայի մեջ և այն ազդանշանով պայթեցներ, երբ կողքով կանցներ Ակսյոնովի ավտոշարասյունը:
Կիևն այդ հաղորդագրությանը չի արձագանքել: Անցած ամիսներին ռուսական կողմը հաղորդել է, թե վերջերս կալանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ովքեր ահաբեկչական գործողություններ են ծրագրել:
Ակսյոնովը Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար է նշանակվել 2014 թվականի ապրիլից: Նա Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի բյուրոյի անդամ է:
Ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինան, ով ծանր վիրավորվել էր հունիսի 27-ին Կրամատորսկի կենտրոնում ռուսական հրթիռի հարվածի հետևանքով, հիվանդանոցում մահացել է: Զոհերի թիվն, այսպիսով, հասել է 13-ի։
Ամելինան 37 տարեկան էր: Նա երկու վեպ է գրել և մեկ մանկական գիրք, արժանացել է Ջոզեֆ Քոնրադի մրցանակին, որը տրվում է ուկրաինացի երիտասարդ գրողներին։
Ամելինան ռեստորանում էր Կոլումբիայից ժամանած պատվիրակության՝ քաղաքական գործիչ Սերխիո Ջարամիլիոյի, գրող Հեկտոր Աբադի և լրագրող Կատալինա Գոմեսի հետ: Նրանք նույնպես վիրավորվել են։
Ուկրաինայի զինված ուժերը տեղեկացնում են, որ այս գիշեր ռուս զինվորականները 17 կամիկաձե անօդաչու թռչող սարք են ուղարկել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, դրանցից 13-ը խոցվել են։
«Մնացածները չեն հասել իրենց նպատակներին։ Նախնական՝ ոչ մի կորուստ», - հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Տելեգրամ ալիքը։