Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

23:11 30.6.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հրավիրած մամլո ասուլիսում նշել է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» {այդպես են Ռուսաստանում անվանում ռուս-ուկրաինական պատերազմը պատճառներից մեկը Մինսկյան համաձայնությունների անտեսումն էր:

«Մի՞թե բնականոն մարդասիրական վիճակ է, երբ Մինսկյան համաձայնությունների կնքումից և դրանք հավանության արժանացրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից հետո ռմբահարել են քաղաքացիական կառույցները՝ դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները», - հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով, մարդասիրական վիճակի կարգավորումը Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակներից մեկն է եղել:

07:39 30.6.2023

Վաշինգտոնը մտադիր չէ զորամիավորումներ ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հունիսի 29-ի ճեպազրույցում ասել է պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Այդ մեկնաբանությամբ խոսնակն արձագանքել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությանն այն մասին, թե Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է զորք ուղարկել Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինա:

«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հստակ նկատել է տվել, որ ամերիկյան զորքերն Ուկրաինա չեն մեկնի»,- ասել է Մեթյու Միլլերը:

22:34 29.6.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում իր նստավայրում ընդունել է շվեդ երիտասարդ էկոակտիվիստ Գրետա Տունբերգի գլխավորած պատերազմի բնապահպանական հետևանքներն ուսումնասիրող միջազգային աշխատանքային խմբին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին Ուկրաինա այցելելու համար և, մասնավորապես, խոսել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման աղետալի հետևանքների մասին։

Զելենսկին նշել է, որ այդ աղետի պատճառով զոհվել են տասնյակ մարդիկ թե՛ Կիևի իշխանության հսկողության տակ գտնվող և թե՛ ռուսների կողմից զավթված տարածքներում:

Գրետա Տունբերգը Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումն անվանել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ընթացքում կատարված «էկոսպանություն»:

Համաշխարհային ճանաչում և հեղինակություն վաստակած երիտասարդ էկոակտիվիստը հավաստիացրել է, որ ամեն բան կանի պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների և մարտահրավերների քննարկմանը միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավելու համար:

Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից հետո Ուկրաինայի ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է ավելի քան 20 մարդ, ռուսական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում՝ առնվազն 46 մարդ:

Եվս մի քանի տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Ենթադրվում է, որ զոհվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

07:50 29.6.2023

«Ուկրաինան երբեք չի համաձայնի սառեցված հակամարտության հետ», - ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երեկ ելույթ ունենալով Գերագույն ռադայում Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հավելելով. - «Հաղթել այս պատերազմում՝ նշանակում է վերականգնել երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները»։

Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել է, որ երկիրը ինքնուրույն է որոշելու իր ապագան, և ինքնուրույն է կայացնելու Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին միանալու որոշումը. - «Ուկրաինան ինքն է դաշինքներ ընտրելու իր ապագայի համար: Ակնհայտորեն՝ Եվրամիությունը, ակնհայտորեն՝ ՆԱՏՕ-ն: Մենք պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակը հեշտ չի լինելու: Հիմա դեռ ոչ ոք չի կարող ասել, թե երբ ենք հասնելու այս հաղթանակին»։

Զելենսկին անդրադարձել է նաև Պրիգոժինի չստացված ապստամբությանը՝ շեշտելով, թե «անկայունության փուլ մտած Ռուսաստանը ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր հարևան Ուկրաինան լինի պաշտպանական դաշինքի անդամ, քանի որ ՆԱՏՕ-ն չի հարձակվում, միայն պաշտպանվում է։ Եվ ընդհանրապես, ասում է Ռուսաստանին արդեն մեկուկես տարի դիմադրող և հակահարձակման անցած Ուկրաինայի նախագահը, պետք է արդեն վերջ տալ վախենալ Պուտինից, նրանից նույնիսկ ներքին ուժերն իր երկրում չեն վախենում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, սակայն, երեկ կրկին շեշտել է, որ մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինան նախ պետք է հաղթի այս պատերազմում. - «Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան պետություն։ Հիմնական ուշադրությունը պետք է դրվի Ուկրաինայի հաղթանակի ապահովման վրա։ Եվ դա նախապայման է Ուկրաինայի [ՆԱՏՕ-ին] անդամակցության վերաբերյալ ցանկացած բովանդակալից քննարկման համար»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG