Մատչելիության հղումներ

Եվրամիության պատժամիջոցների ցանկում Վլադիմիր Պուտինի անունը չկա


ԵՄ պատժամիջոցների տակ են ընկնում ռուսական մի քանի բանկեր, Պետդումայի 351 պատգամավորները, 27 ֆիզիկական ու իրավաբանական անձինք։ Այդ մասին փետրվարի 22-ին կայացած ասուլիսում հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Այսօր մենք համաձայնության եկանք, որ ռուսական Պետդումայի 351 անդամները, որոնք քվեարկել են միջազգային նորմերը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու օգտին, կընդգրկվեն պատժամիջոցների մեր ցանկում», - ասել է Բորելը։

Նա հայտնել է, որ պատժամիջոցները վերաբերում են նաև ֆիզիկական ու իրավաբանական 27 անձանց, որոնք իրենց որոշումներով և գործողություններով առնչություն ունեն Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը խարխլելու հետ։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Դոնեցկում և Լուգանսկում ֆինանսական գործարքներ կատարող բանկերի նկատմամբ։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ժոզեպ Բորելն ասել է, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը չկա։

XS
SM
MD
LG