Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն դատապարտում է ՀՀ երկու նախկին նախագահների և Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը


Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդումներ հարուցելը՝ դրանք անվանելով «շինծու և հակահայ նկատառումներով թելադրված»:

«Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում», - ասված է հաղորդագրությունում:

Երևանը Բաքվին կոչ է անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատել է տարածաշրջանում «խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»:

Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն էր երեկ հայտարարել, որ «Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»։ Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանին ու Սարգսյանին մեղադրում են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի օրենքները ոտնահարելու, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար։

Օրերս էլ Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG