Մատչելիության հղումներ

ՀԳՄ ամենամյան մրցանակներն այս տարի հանձնվեցին Մայրենիի օրը


Այսօր Հայաստանում նշվում է Մայրենի լեզվի տոնը։ Փետրվարի 21-ը մայրենի լեզուների օր է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ողջ աշխարհում 2000 թվականից։ Հայաստանում այն սկսեց նշվել 2005 թվականից։

Այս օրը Գրողների միությունում ավանդաբար հանձնում են տարբեր անվանակարգերում միության ամենամյա մրցանակները։ Այսօր տեղի ունեցած հանդիսության ժամանակ միության նախագահը Էդվարդ Միլիտոնյանը հայտարարեց մրցանակակիրների անունները և հանձնեց մրցանակները՝ 2021 թվականին իրենց ստեղծագործական ձեռքբերումները գրանցած գրողներին։

Հանդիսության մեկնարկից առաջ նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծեց. - «Մենք մտածեքինք, որ լավ կլինի Մայրենիի օրը մենք մրցանակները հանձնենք։ Մայրենին ամենաբարձրակետով ներկայանում է գրականության մեջ, գեղարվեստի մեջ։ Էնպես որ, մենք որ ասում ենք հայոց լեզու, մենք որ խոսում ենք գրականությունից, հենց հայոց լեզվի հիմնական դաշտի մասին է, հիմնական էության, հիմնական ոգու մասին է, որը մեր գրականությունը պիտի պահպանի հզոր, խորը, արմատական և նաև ընթացքի մեջ եղող լեզուն»։

Արձակի անվանակարգում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը հանձնվեց Մհեր Իսրայելյանին՝ «Մեն ու միակ մոլորակ» գրքի համար, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հրապարակախոսության բնագավառում հետմահու շնորհվեց Վաչագան Մանուկյանին՝ «Չկորցնեք լույսը» գրքի համար, Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական մրցանակը հանձնվեց Սուրեն Դավթյանին՝ «Աստղային մարդ» գրքի թարգմանության համար։ Մեր անվանի գրողների անունը կրող անվանակարգերում անցյալ տարի հրատարակած գրքերի համար մրցանակների արժանացան նաև Ֆելիքս Բախչինյանը, Ներսես Խառատյանը, Վանո Եղիազարյանը, Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը և Կարինե Խալատովան։ Ի դեպ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Խալատովան արժանացել է Եղիշե Չարենցի անվան մրցանակին՝ Զապել Եսայանին նվիրված «Խիզախ կինը» գրքի համար։

«Զապես Եսայանը իսկապես վերջին տարիները՝ սկսած Ադանայի իր ճամփորդությունից, թե ինչ է արել մեր երեխաներին, որբերին ազատագրելու, օգնելու համար, մինչև գալը Սովետական Միություն, այդ ստալինյան ժամանակների մասին։ Նամակները բանտից առաջին անգամ ես տպագրել էի 90-ականների սկզբներին, հիմա բոլորը այստեղ են տպագրված՝ ռուսերեն, հայերեն։ Այս գիրըք ինձ համար շատ թանկագին է, որովհետև երբ որ պիտի գնար տպագրվելու, 44-օրյա պատերազմն էր, և արդեն ես որոշեցի գիրքը նվիրել Արցախի փառապանձ պաշտպաններին»։

Գրողների միության ամենամյա մրցանակաբախշությունը իրականացվում է միության նախագահության և վարչության անդամների կողմից, և ինչպես ընդգծում է նախագահության անդամներից մեկը՝ գրող, թարգմանիչ Վան Արյանը, այս մրցանակաբախշությունը նաև նոր անուններ է ի հայտ բերում. - «Մի ժամանակ մեզ ասում էին՝ անընդհատ նույն անուններն են, անընդհատ երևում են նույն անունները, բայց այս անգամ այնպիսի անուններ կան, որոնք միշտ չէ, որ մրցանակակիրների շարքում են, և դա հաճելի է։ Բայց ինքնին դա գրողին ինչ-որ տեղ թև է տալիս, քաջալերում է։ Դա իր արածի գնահատման մի կերպ է, մի ձև է։ Մրցանակները աշխատել ենք որքան հնարավոր է լինի օբյեկտիվ, բայց դե գրողները նեղացող մարդիկ են, չստացողները միշտ նեղանում են, ստանողները՝ ուրախանում»։

«Շատ լավ է, որ գրողը մրցանակն է ստանում։ Նախ իր համար, և երկրորդը՝ ընթերցողի։ Որովհետև ընթերցողը արդեն ճանաչում է, գրողի անունն է հնչում, գրողի գրքի անունը», - ասաց Միլիտոնյանը՝ հավելելով, որ մրցանակը ենթադրում է նաև որոշակի դրամական պարգը. - «Մեզ այդ իմաստով օժանդակում է մեր բարերարներից ամերիկահայ գրող Նաթելդա Լալաբեկյանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG