«Արդյոք Թուրքիայի նախագահն իր ներկայացուցիչը կունենա ամերիկյան Սենատում»․ Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ պարբերականներից մեկը՝ Washington Post-ը երեկվա իր համարում այս հարցն է հնչեցնում՝ լուսաբանելով Փենսիլվանիայում ընթացող ներկուսակցական ընտրարշավը։ Թերթի պնդմամբ` հանրապետական ընտրողների շրջանում ծավալված այդ քարոզարշավի ընտրարշավի միանձնյա առաջատարը ԱՄՆ թուրքական համայնքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է՝ նախագահ Էրդողանի հետ իր ջերմ հարաբերություններով հայտնի բժիշկ Մեհմետ Օզը։
«Մայիսին Փենսիլվանիայում կայանալիք ներկուսակցական ընտրություններին՝ փրայմերիներին ընդառաջ Օզը միլիոնավոր դոլարներ է ծախսում հեռուստատեսային գովազդի վրա, նրա ճանաչելիության աստիճանը հասնում է 100 տոկոսի, դրան էլ գումարած նա միլիոնավոր հետևորդներ ունի սոցիալական ցանցերում», - գրում է Washington Post-ը՝ հատուկ ընդգծելով, որ վերջին սոցհարցումները ևս վկայում են՝ Փենսիլվանիայում բնակվող հանրապետական ընտրողների գրեթե 30 տոկոսը պատրաստվում է քվեարկել Մեհմետ Օզի օգտին։
«Դոկտոր Օզ» մականվամբ հայտնի թուրք կարդիովիրաբույժի նման ժողովրդականության գաղտնիքն, ըստ թերթի, միանգամայն հասկանալի է։ 2000-ականների սկզբից Օզը առողջապահությանը նվիրված հեռուստատեսային մի շարք շոուներ է վարում, որոնցից ամենահայտնին հեռարձակվում էր ամերիկյան հեռուստատեսության լեգենդը համարվող Օփրա Ուինֆրիի շոուի շրջանակներում։ Ճիշտ է, ըստ ամերիկյան աղբյուրների, Մեհմետ Օզն այդ հաղորդումների ընթացքում երբեմն բավական վիճահարույց մասնագիտական տեսակետներ էր արտահայտում, բայցևայնպես այժմ նրան ուղղվող գլխավոր հարցերը քաղաքականության ոլորտից են։
«Ո՞ր երկիրն է առաջնային դոկտոր Օզի համար», - հարց է հնչեցնում Washington Post-ը՝ նշելով, որ այսօր ամերիկյան քաղաքական որոշ շրջանակներում սկսել են հարցականի տակ դնել Սենատի հնարավոր անդամի հավատարմությունը Միացյալ Նահանգներին։
«Սենատի անդամները հաճախ են շահերի բախման կիզակետում հայտնվում՝ թե՛ անձնական և թե՛ գործնական։ Բայց դեռ երբեք չէր ստեղծվել մի իրավիճակ, երբ երկքաղաքացին կարող է սենատոր ընտրվել, այն էլ այնպիսի երկքաղաքացին, որ ծառայել է օտար երկրի բանակում և խոր կապեր ունի մի երկրի հետ, որի ղեկավարն ընդդիմախոսներին հալածելու տխուր համբավ է ձեռք բերել», - գրում է Washington Post-ը։
Թերթի գնահատմամբ. «Այն հանգամանքը, որ «Դոկտոր Օզ» մականունով հայտնի Մեհմետ Օզը բազմաթիվ թելերով է կապված Թուրքիային և այն միջավայրին, որի ներկայացուցիչն է ավտոկրատ նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս Վաշինգտոնում և դրա սահմաններից դուրս»։
Washington Post-ը զրուցել է Թուրքիայի խնդիրներով զբաղվող ամերիկացի վերլուծաբանների հետ. «Փորձագետներն ասում են, որ թեև Օզի թուրքական ծագումը կարող է նպաստել Սենատի բազմազանությանը, օրինաչափ է նաև այն մտահոգությունը, թե ինչ ազդեցություն է ունենալու Էրդողանը նրա վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեհմետ Օզի ընտանիքի անդամներն ու ունեցվածքը Թուրքիայում են», - գրում է թերթը` մեջբերելով վերլուծաբան Մայքլ Ռուբինի հետևյալ խոսքերը. «Օզի երկքաղաքացի լինելու փաստն ու թուրքական քաղաքացիություն հրաժարվելու հարցում նրա ցուցաբերած դժկամությունը անքուն գիշերներ են պարգևելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի և մյուս հատուկ ծառայությունների աշխատակիցներին»։
ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ առնչությունների ունենալու պատճառով թուրքական քաղաքացիությունից զրկված հայտնի բասկետբոլիստ Էնես Քանթերը Օզին վերաբերող գնահատականներում ավելի կտրուկ է։
«Մարդիկ պետք է հասկանան, որ «Դոկտոր Օզը» Էրդողանի գրպանում է։ Նա անելու է այն, ինչ Էրդողանն է ցանկանում։ Եթե նա ընտրվի, ապա լինելու է Էրդողանի ձեռքը Սենատում», - Washington Post-ի հետ զրույցում նշել է հայտնի մարզիկը։
Դատելով մի շարք տեղեկություններից՝ Քանթերի այս պնդումները իրականությունից այնքան էլ հեռու չեն։ 2017-ին Օզը մասնակցել էր Նյու Յորքում կազմակերպված «Թուրքական շքերթին»՝ լուսանկարվելով Թուրքիայի արդադարատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի հետ։ Թուրք պաշտոնյան, ի դեպ, այդ ժամանակ արդեն ամերիկյան պատժամիջոցների թիրախում էր։
«Մեհմետ Օզը սերտորեն համագործակցում է նաև պետությանը պատկանող «Թուրքական ավիաուղիների» հետ, որի ղեկավարները սերտ կապեր ունեն նախագահ Էրդողանի ընտանիքի անդամների հետ», - դեռ դեկտեմբերին գրում էր ամերիկյան National Review պարբերականը։ Բացի այդ, ըստ ամերիկյան աղբյուրների, Օզը սերտ կապեր ունի թուրքական պետության անմիջական վերահսկողության ներքո գործող երկու ամերիկյան կառույցների՝ Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի և Կրոնական հարցերի թուրքական գործակալության՝ Diyanet-ի ամերիկյան մասնաճյուղի հետ։
«Արդյոք Օզը օտար պետության գործակալ է։ Նման ապացույցներ չկան, սակայն եթե նրա գործարար կապերը կախված են այդ կառավարության բարեհաճությունից, ապա դա արդեն միանգամայն օրինական հարցեր է առաջացնում», - Washington Post-ի թղթակցին ասել է Արտաքին հարաբերությունների վաշինգտոնյան խորհրդի ավագ փորձագետ Սթիվեն Կուկը։