Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի խորհրդարանի որոշումը քննարկելու խնդրանքով։
Երեքշաբթի օրը Պետդումայի պատգամավորները կողմ քվեարկեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին՝ ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը որպես անկախ պետություններ: Պուտինը հրաժարվել է ասել, թե ինչ որոշում կընդունի այդ հարցով:
Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցայի՝ Անվտանգության խորհրդի մասնակիցներին ուղղված գրավոր կոչը։ Նամակում ասվում է, որ երեքշաբթի օրը ՌԴ Պետդումայի ընդունած որոշումը «է՛լ ավելի է խորացրել սպառնալիքները թե՛ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, թե՛ համաշխարհային անվտանգության ճարտարապետությանը` կապված Ուկրաինայի հետ սահմանային գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից շարունակվող ռազմական կուտակումների հետ»:
Կիսլիցան պնդել է, որ այդ որոշումը խարխլում է Մինսկի պայմանավորվածությունները, և խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քննարկել հարցը հինգշաբթի օրը Նյու Յորքում կայանալիք նիստի ժամանակ: