Վերջերս Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում բացված անվանի գեղանկարիչ, բնանկարիչ Հրազդան Թոքմաջյանի անհատական շատ ուշագրավ, միայն սև ու սպիտակ գույներով ներկայացված ցուցահանդեսը չի կարող անտարբեր թողնել արվեստասերներին՝ մեկ անգամ ևս պատկերելով գեղանկարչի հոգևոր և գեղագիտական փնտրտուքը։
Հատկապես ուշագրավ են ձմեռային Գյումրին և նկարչի հայրական տունը պատկերող նկարները։ Ցուցահանդեսը համահավաք է, ներկայացված են գեղանկարչի վերջին 30 տարիների ստեղծագործությունները։ Ցուցահանդեսը, սակայն, խորագրված չէ։
«Եթե խորագրելու լինեի, կարող էի ասել՝ ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», - «Ազատության» հետ զրույցում ասաց գեղանկարիչը։ - «Հիմա ժամանակակից նկարչություն էնքան բազմադեմ է, որ շատ տարբեր են, բայց ինձ ոգևորողը, ինձ նկարելուն մղողը հիմնականում բնությունն է, և այդտեղ բաց քաղաքային տարածություններ կամ վայրի բնություն՝ էդտեղ տարբերություն չկա։ Բոլորն էլ ինձ որոշակի չափով ոգեշնչում են»։
Ծնունդով գյումրեցի, անցյալ տարի ծննդյան 60-ամյակը բոլորած գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը վերջին տասնամյակներում մի շարք խմբակային և անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև Բեյրութում, Մարսելում, Հալեպում, որտեղ ձևավորել է նաև մեկ տասնյակից ավել թատերական ներկայացումներ՝ հանդես գալով նաև որպես բեմանկարիչ։ Երկար տարիներ դասավանդել է Հալեպի Սարյան ակադեմիայում։
Նրա համոզմամբ, այսօր հայ ժամանակակից գեղանկարչությունն իր լավագույն ժամանակները չի ապրում. - «Խորհրդային տարիներից հետո, երբ որ մենք սոցռեալիստական ազդեցությունից դուրս եկանք, ինձ թվում է, որ մենք ոչ թե փորձեցինք ջանք թափել և մշակել տեղական նկարչություն, այլ փորձեցինք ինտեգրվել Արևմուտքին, մեր ամբողջ եռանդը մղվեց դեպի ներգրավումը արևմտյան մշակույթի։ Եվ այդ հսկայական մի հատ շերտ կա իմիտացիոն նկարչության, որը մի կողմից նոր չէ, ասենք, կարող է Հայաստանի համար նոր էր, բայց Եվրոպան վաղուց դա արել-վերջացրել էր։ Մյուս կողմից էլ, մեր համար հարազատ չի և օրգանական չէ, երկրի հետ կապված։ Ես շատ պիտի ուզեի, որ Հայաստանը ունենար այնպիսի կերպարվեստ, որը կիլոմետրերով հեռվից ճանաչվեր հենց հայկական։ Բայց ես նաև գիտեմ իմ սերնդակից արվեստագետների, որոնք ճիշտ հակառակն են մտածում։ Չեն ուզում, որ տարբերվի, իրենք ուզում են լինել աշխարհի մի մասնիկը։ Այն դեպքում, երբ մենք օրինակներ ունենք. էդ ժամանակակից աշխարհում կա Հնդկաստան օրինակ, կան ուրիշ մշակույթներ, որոնք շահեկանորեն առանձնանում են այդ ընդհանուր պատկերի վրա։ Մենք՝ հայերս չեն կարող համաշխարհային նկարչությանը ուղղություն տվողը լինել, առաջամարտիկը լինել, մենք այնտեղ կարող ենք ունենալ մեր սեփական տեղը մեր ինքնատիպությամբ։ Ինքնատիպություն ասելով նկատի չունեմ, որ անպայման նուռ ու խաղող պիտի նկարենք։ Լինեին տեղական գաղափարներ, ոչ թե ընդօրինակված, ներմուծման գաղափարներ, այլ Հայաստանում ծնված գաղափարներ, որոնք մարմին են առնում հայ արվեստագետների կողմից։ Ինչպես անում էին Մինասն ու Սարյանը։ Այդ անցած սերունդների մեջ ունենք հրաշալի օրինակներ, իրենք աշխարհին ուղղություն չէին տալիս։ Երբ արտասահմանում ցուցադրվում էին, խորին հարգանքի էին արժանանում»։
Հավելենք նաև, որ գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը հրատարակել է նաև երեք շատ կարևոր աշխատություն՝«Մարաշի ասեղնագործությունը» , «Այնթապի ասեղնագործությունը» և «Ուրֆայի ասեղնագործությունը» խորագրերով պատկերազարդ ծավալուն ուսումնասիրությունները, որոնց հնարավորություն ունեն ծանոթանալ ցուցահանդեսի այցելուները։
Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 23-ը։