Մատչելիության հղումներ

«Հիվանդության է վերածվում, դու արդեն զզվում ես քեզնից». Խաղամոլությունն ու դրա հետևանքները Հայաստանում


Երիտասարդը, որ համաձայնեց «Ազատության» հետ խոսել անանուն մնալու պայմանով, առաջին խաղադրույքն արել էր 15 տարի առաջ։ Ու թեև պարտվել էր, բայց այդպես էլ չէր կարողացել կանգ առնել։

«Չէի կարում դուրս գայի ես խաղատներից մոտ 10-15 տարի: Իմ աչքի դեմը լիքը մարդիկ են եղել, որ մեքենան կրվել են, տենց գնացել են», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:

«Եթե անգամ ոչ մի կոպեկ չունես, միևնույնն է բուքմեյքերական ընկերությունները կընդառաջեն, որ խաղադրույք անես», - պատմում է «Ազատության» մեկ այլ զրուցակից՝ կրկին անանուն մնալու պայմանով՝ ներկայացնելով, - «Տեղեր էլ կա, որ պարտքով են դնում, գիտեն, որ տալու ես, մի ժամ հետո, պետք ա տաս, երկու ժամ հետո պետք ա տաս: Չտաս, իրանք գիտեն դու որտեղ ես, ախրանայով գալիս են կամ տանում են իրանց օֆիս»:

Մեր հաջորդ զրուցակցի պատմությունը սկսվել էր 500 դրամ խաղադրույքից ու ավարտվել շատերին ծանոթ սցենարով՝ նախ խնայողություններն էր կորցրել, հետո՝ տունը, վերջում՝ ընտանիքը։

«Արդեն, որ խայտառակ ես լինում, սաղ իմանում են, արդեն սկսում ես սրանից-նրանից պարտք վերցնել, քո ինքնագնահատականը իջնում ա, որ քո վրա խաչ ես քաշում՝ ինչ կլինի-կլինի, հիվանդության ա վերածվում էդ խաղալը: Հիմա էն փուլում եմ, որ էլ հնարավորություն չկա, դու արդեն զզվում ես քեզանից, ասում ես՝ հա, էլ չեմ խաղա, չեմ խաղա, բայց չի ստացվում: 15 տարի ես իմ կյանքից եմ կորցրել», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Հիմա փորձում է հոգեբանի օգնությամբ նախկին կյանք վերադառնալ, սա այն բանից հետո, երբ իր պես՝ խաղամոլությամբ տարված ու պարտքերի մեջ խճճված ընկերը դիմեց ինքնասպանության։ Հիմա, հիշելով իր մահացած ընկերոջն ու բուքմեյքերական կետերում հանդիպած տասնյակ այլ տուժածների, ասում է՝ անխղճություն է Հայաստանի նման երկրում թույլ տալ, որ բուքմեյքերական ընկերություններն այդքան հասանելի լինեն ու հիշեցնեն իրենց մասին ամեն քայլափոխի։

«Քեզ արդեն ձգում ա, որ ընդեղ լինես, ուշք ու միտքդ ընդեղ ա, կապ չունի ծնունդ ա, հարսանիք ա, դու եթե չես էլ խաղում, մտքով արդեն ընդեղ ես», - ասաց նա:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել

Պաշտոնական վիճակագրությամբ, անցած տարի Հայաստանում բուքմեյքերական ոլորտում ավելի քան 6,5 միլիարդ դոլար է շրջանառվել, համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում ողջ երկրի պետբյուջեն երկու անգամ ավելի քիչ եկամուտ է ստացել։ Մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել մի երկրում, ուր յուրաքանչյուր երրորդն ապրում է աղքատության մեջ։

Այս պատկերը նոր չէ․ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց դեռ վարչապետ փաշինյանը հրահանգել էր շտապ քայլեր ձեռնարկել, որ տնտեսությունը հիմնված չլինի մոլախաղության վրա։

«Երբ որ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշները, պարզվում է՝ մեր տնտեսական աճի ցուցանիշների մեջ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը, այսինքն, սա ընդհանրապես աբսուրդ է: Այո, մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը, մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը խրախուսենք», - հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի այս հրահանգից հետո օրենքը փոխվեց․ խաղային ավտոմատները գազալցակայաններից վերացվեցին, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակվեց, արգելվեց անչափահասների ներգրավումը։ Գրեթե նույն ժամանակահատվածում, սակայն, 2020-ի հունվարի 1-ից, թույլատրվեց ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Արդյունքում՝ խաղամոլությունը թափ ստացավ համացանցում․ մեկ տարի անց պարզվեց՝ համացանցով կատարված խաղադրույքները՝ 2018-ի համեմատ, ավելացել են 6 անգամ։ Եթե 2018-ին ամսական միջինը մոտ 18 հազար հայաստանցի էր ինտերնետում խաղում, ապա հիմա ամեն ամիս 40 հազարից ավելի մարդ խաղադրույք է անում ինտերնետ շահումով խաղերում։ Նրանց գերակշռող մասը ունեցածը տանուլ է տալիս։

Այս պահին խորհրդարանում շրջանառվում է նոր օրինագիծ, որով շահումով խաղերի ու խաղատների գովազդը պետք է ամբողջությամբ արգելվի, այդ թվում՝ համացանցում։ Օրինազանցներին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Ընդ որում, պատգամավորը պնդում է, թե այս դրույթները տարածվելու են նաև Հայաստանում բացվող օտարալեզու կայքերի վրա. «Որևէ կազմակերպություն, որը am տիրույթում, ենթադրենք, չի կարող գովազդ տեղադրել, որոշում է գովազդը տեղադրի որևէ, ենթադրենք, com տիրույթում, որը հայկական շուկայում ներկայանում է և գովազդ է տրվում, այդ կազմակերպությունը, որը Հայաստանում գործում է, արդեն խախտում է այս օրենքը, հետևաբար նույնն է, եթե am-ում տեղադրեր»:

Հոգեթերապևտը առաջարկված փոփոխությունները բավարար չի համարում

Այս ոլորտում տարիների փորձ, մի քանի գիտական աշխատություն ու հարյուրավոր պացիենտներ ունեցող հոգեթերապևտ Արման Բեգոյանը, սակայն, առաջարկված փոփոխությունները բավարար չի համարում։ Արտերկրի փորձն է հիշեցնում, որտեղ բուքմեյքերական ընկերությունների վրա նաև սոցիալական պարտավորություն է դրված՝ բացահայտել և արգելափակել ռիսկային խաղացողներին:

«Տեղյակ եմ, որ որոշ երկրներում կա պարտադիր կերպով պայման, որ կազմակերպությունները, որոնք զբաղվում են գեյմլինգով, իրենք պետք է ունենան համապատասխան ծրագիր, մեխանիզմ, ժամանակին վեր հանելու պրոբլեմային խաղացողներին: Քանի որ իրենք տիրապետում են ողջ ինֆորմացիային՝ քանի ժամ է ծախսում կայքում, ինչքան գումար է խաղում, ինչ ինտենսիվությամբ է խաղում, ինչ իմպուլսիվությամբ է խաղադրույքներ կատարում, ապա առանձնապես բարդություն չի կազմում, ասենք, ստեղծել այնպիսի ծրագիր կամ այնպիսի ալգորիթմներ, որոնք հնարավորություն կտան այդ օգտատերերին վեր հանել և դրսևորել որոշակի սոցիալական պատասխանատվություն և գուցե նաև միակողմանի բլոկավորել», - ասաց Բեգոյանը:

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն Արտաշես Թումանյանը նույնպես կարևոր է համարում, որ բուքմեյքերական ընկերություններն իրավունք ու հնարավորություն չունենան խաղի մեջ ներքաշել գրպանում ոչինչ չունեցող, կամ՝ շարունակաբար պարտվող խաղացողներին։ Ասաց՝ հենց իր պրակտիկայում շատերն են պարտքերի պատճառով տուն ու տեղ կորցրել, փորձել են կանգ առնել, բայց հաճախ դա նրանց չի հաջողվել:

«Մի շաբաթ առաջ մի երիտասարդ եկել էր, ասում եմ՝ դու գնա, արգելափակի քո հաշիվը, ի՞նչ խնդիր ունես, ինքը ասում է՝ «չէ, եթե հիմա արգելափակեմ, նորից կարող եմ բացել, ես իմ վրա չեմ կարում, ես մի երեք անգամ արգելափակել եմ, մի երեք անգամ էլ նորից բացել եմ: Հիմա ինձ տեղեկանք տվեք, որ ես ունեմ խնդիր, ես տանեմ տամ իրանց, որ իրանք նենց արգելափակեն, որ ես իմ տվյալներով էլ չկարողանամ հաշիվը բացեմ», - պատմեց Թումանյանը:

Բացի այդ, վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում դեպքերը, երբ խաղամոլությամբ տարված մարդիկ նույնիսկ բուքմեյքերական ընկերություններից չեն օգտվում․ հավաքվում են թիմերով, և իրենց բնակարաններում կամ նկուղներում շահումով խաղեր կազմակերպում՝ հրավիրելով դիլերների ու մատուցողների։ Պետբյուջեն հարկ չի ստանում, խաղադրույքները սահմանվում են ըստ ցանկության, պարտվողից տանուլ տվածը ստանալու համար էլ գործի են դրվում ամենատարբեր, այդ թվում՝ բռնի մեթոդներ։

Վերջին երկու տարում միայն այսպիսի 12 դեպք է բացահայտվել, մեկը՝ Վանաձորում, նախկին դատապարտյալ մի կին է եղել նախաձեռնողը , ասում է ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը. «Տեղեկատվություն էինք ստացել, որ Վանաձոր քաղաքում կազմակերպվում է մի նմանատիպ գործունեություն, փաստական տվյալներ ստացվեց, որ որոշակի անձինք պարբերաբար հավաքվել են ու կազմակերպել են շահումով խաղ, որ համար ընդհանրապես չեն ունեցել պետական գրանցում: Իրան կտրվեր լիցենզիա միայն այն պարագայում, եթե իրենք կատարեինք 40 միլիոն դրամի ներդրում: Այսինքն այդ դեպքով մենք կատարել ենք պետությանը պատճառած վնասի հաշվարկ, որի համաձայն, պետությունը վնաս է կրել 4,5 միլիարդ դրամի չափով»:

«Զգացել եմ այն, ինչն այլևս երբեք չեմ ուզում զգալ»

Այն, որ այս խնդիրը համատարած է Հայաստանում՝ պարզ դարձավ մեր փոքրիկ հարցումից։ «Ովքե՞ր են բախվել խաղամոլությանը» սոցիալական ցանցում արված մեր այս գրառմանը մի քանի օրում անձնական նամակներով արձագանքեց առնվազն 100 մարդ։ Նրանցից մեկը պատմում էր, թե ինչպես է իր տղան ֆուտբոլային խաղադրույքներից հետո շահել, հրապուրվել հասել մինչև մեծ խաղատուն, հետո դիմել ինքնավնասումների, որովհետև ահռելի պարտքեր էր կուտակել։ Մի կին էլ պատմել էր՝ ինչպես է ամուսինը միանգամից հարստանալու ցանկությամբ ներքաշվել խաղերի մեջ, կորցրել տունն ու հիմա՝ երեք անչափահաս երեխաների հետ, ստիպված են հարազատների բնակարաններով դեգերել։

Անդունդից ընտանիք է վերադարձել մեր զրուցակիցը, ասում է՝ զգացել է այն, ինչն այլևս երբեք չի ուզում զգալ. «Ես էն աստիճանի եմ հասել, որ կա՛մ ես պիտի ընտրեմ էս կյանքով շարունակել ապրելը, չունենամ տուն, իմ ծնողների կյանքը թունավորեմ, մարդիկ ինձ լուրջ չվերաբերվեն, չհարգեն, կա՛մ պիտի ես էդ կյանքով չապրեմ ու ունենամ էդ ամեն ինչը»:

«Մինչ օրենքում տարբեր լրացումներ կարվեն, ՊԵԿ-ը կգնա հանցագործությունների հետևից, հոգեբանները կաշխատեն տուժածների հետ, ևս քանի՞ մարդ կունեզրկվի, քանի՞սը կհայտնվեն անելանելի դրության մեջ», -հարցնում են խաղամոլության ճիրաններում հայտնված մեր զրուցակիցները։

Նրանցից շատերն են հարց բարձրացնում՝ եթե խնդիրն այդքան լուրջ է, և այդ փաստը գիտակցում են նաև կառավարությունում, ինչո՞ւ չեն դիմում կտրուկ միջոցների՝ ընդհանրապես արգելելով բուքմեյքերական ընկերությունների ու օնլայն խաղերի գործունեությունը Հայաստանում։

Ի դեպ, աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ղրղըզստանում, Թուրքիայում, Արաբական Էմիրություններում, Նորվեգիայում օնլայն խաղերն ու խաղադրույքները կա՛մ ամբողջությամբ արգելված են, կա՛մ գործում են խստագույն սահմանափակումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG