Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Տաշքենդին է վերադարձրել նախկին նախագահի դստեր կողմից ապօրինի ձեռք բերած 10 մլն դոլար


Ուզբեկստանի իշխանությունները հայտնել են, որ Ֆրանսիան Տաշքենդին է վերադարձրել նախկին նախագահ Իսլամ Քարիմովի բանտարկված դստեր կողմից «ապօրինի կերպով» ձեռք բերված 10 միլիոն դոլար։ Ուզբեկստանի արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, բանակցություններ են վարում նաև Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետ՝ հանգուցյալ նախագահի դստեր կողմից «հանցավոր գործունեության միջոցով» ձեռք բերված մյուս ակտիվները վերադարձնելու ուղղությամբ։

Շվեյցարիան Քարիմովայի դեմ քրեական գործի շրջանակներում 2012 թվականին շուրջ 864,5 միլիոն դոլար է սառեցրել։ 2017 թվականին Քարիմովային ազատազրկելուց հետո Տաշքենդը օտարերկրյա կառավարություններից ընդհանուր առմամբ մոտ 1 միլիարդ դոլար է խնդրել վերադարձել:

Քարիմովայի դեմ քրեական հետապնդում է սկսվել դեռեւս հոր պաշտոնավարման օրոք։ Իսլամ Քարիմովի մահից հետո նա 10 տարվա ազատազրկման է դատապարվել , իսկ 2020 թվականին, երբ դիմել էր իշխանություններին` առաջարկելով 686 միլիոն դոլար վերադարձնել իր դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց, լրացուցիչ 13 տարվա ազատազրկման է դատապարտվել շորթման, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար։

Քարիմովայի դեմ ծանր մեղադրանքներ են առաջադրված նաև հայրենիքից դուրս՝ Միացյալ Նահանգներում՝ փողերի լվացման գործով: Ազատազրկումից առաջ Ուզբեկստանի նախկին՝ երկարամյա նախագահի դուստրը համարվում էր Կենտրոնական Ասիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը: 23 տարեկանում նա երկրի արտգործնախարարի խորհրդականն էր, հետագայում՝ Ուզբեկստանի դեսպանը Շվեյցարիայում և Իսպանիայում:

XS
SM
MD
LG