Մատչելիության հղումներ

2021-ին ամեն օր Հայաստանում առնվազն 15 մարդ թափառող շների հարձակման զոհ է դարձել


Բյուզանդի փողոցի բնակիչ, երեք երեխաների մայր Լիանա Ավետյանը մինչ օրս վախով է հիշում օրը, երբ լսեց, որ իրենց բակից քիչ հեռու՝ խանութ գնալու ճանապարհին, շները հարձակվել են 6-ամյա որդու վրա։

Պաշտոնական վիճակագրությամբ, անցած տարի ամեն օր Հայաստանում առնվազն 15 մարդ է թափառող շների հարձակման զոհ դարձել։ Առողջապահության նախարարության տվյալներով, դեպքերը տարեցտարի ավելացել են՝ հինգ տարի առաջ 3296 մարդ էր դիմել բժշկի, անցած տարի՝ մոտ 80 տոկոսով ավելի՝ 5632։

«Լավ ա, որ գոնե տղամարդիկ կային, որոնք մտել են ներս ու երեխային պոկել էին, նույնիսկ ասում էին, որ էդ տղամարդու վրա էլ էին փորձում էդ պահին հարձակվել: Չգիտեմ ինչ ա եղել էդ առավոտը, բայց հենց տենց բան էր եղել ու բոլորս վախեցել էինք ու հետո պետք էր էրեխուն տանել բժշկի, որ սրսկեին։ Ու տենց 3-4 ամիս գնում էինք սրսկում էին, որ սաղ լավ լինի», - պատմեց Լիանա Ավետյանը։

2019-ից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար օրենքով քրեական պատիժ է սահմանվել․ հիմա թափառող շներին այլևս չեն վերացնում, ստերջացնում են ու վնասազերծում։ Միայն թե այդ պրակտիկան մինչ օրս շարունակաբար կիրառվում է միայն մայրաքաղաքում։ Մարզերում հաստատված կանոնակարգ ու գումար չունեն։ Արդյունքում ոչ միայն մարզերի բնակիչների կյանքն է վտանգվում, այլև՝ մայրաքաղաքի, քանի որ շատ հաճախ կենդանիները հարևան համայնքներից Երևան են գալիս։

Քաղաքապետրանի` «Թափառող կենդանիների վնասազերզման կենտրոն» ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանն ընդունում է՝ հատկապես ձմռան ամիսներին երևանում մարզերից եկած կենդանիներ շատ են հանդիպում։

«Ինձ համար շատ մտահոգիչ է, որ շրջաններից գալիս են շներ, որ ստերջացված չեն, այլ նրանք նաև ստուգված չեն: Էդ շները, որոնց ականջին կլիպս կա, բոլորը պատվաստված են կատաղության դեմ, բայց այդ մենք պարտադիր բոլորին ստուգում ենք լեշմանիոզ հիվանդության դեմ, որը անբուժելի հիվանդություն է ու որից մանկահասակ երեխաների մոտ մահ է առաջանում», - ասաց Աղաբեկյանը:

Վերահսկման ու վնասազերծման այս մեխանիզմները նաև մարզերում կիրառելու համար, բյուջետային միջոցներից բացի նաև օրենսդրական փոփոխություններ են հարկավոր։ Այդ նպատակով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն օրինագիծ է մշակել։ Ու թեև հարձակման դեպքերը տարեցտարի ավելանում են, նախագիծը երկու տարուց ավելի է՝ շրջանառության մեջ չի դրվել։

«Այդ ոլորտը օրենսդրական պատշաճ կարգավորում չունի, և սկսեցինք աշխատել մայր օրենքի մշակման ուղղությամբ, արվեցին հանրային քննարկումներ տարբեր պետական գերատեսչությունների հետ քննարկումներ: Եվ աշխատանքն ընթացքի մեջ էր, սակայն պանդեմիայով պայմանավորված, ինչպես նաև 2020 թվականին ծագած քաղաքական իրավիճակով պայմանավորված, բնականաբար, ընթացքն ընդհատվեց», - նշեց Գալստյանը:

Պատգամավորը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը նախատեսում է կարգավորել այս խնդիրը նաև մարզերում, իսկ թե ե՞րբ այն կհայտնվի Ազգային Ժողով օրակարգում, չհստակեցրեց։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն անդամ Նուարդ Վարդանյանը մեկ այլ փաստ է հիշեցնում՝ 2019-ին, դեռ հայտարարվել էր, որ ստերջացումից ու վնասազերծումից բացի Երևանում նախատեսվում է նաև կացարան ստեղծել թափառող շների համար։

«Մենք եթե չեմ սխալվում, ունենք 200-300 շան տեղ, այսինքն արդեն իսկ ունենք պատրաստած, ինձ մոտ հարց է առաջանում, որը կուզեի ՀՈԱԿ-ի տնօրենը պատասխաներ, արդյոք այդ վանդակները լցվա՞ծ են, արդյոք այդ շներն այնտե՞ղ են», - հարցրեց Վարդանյանը:

«Թափառող կենդանիների վնասազերզման կենտրոնի» տնօրենը, մինչդեռ, «Ազատությանը» հայտնեց, որ քաղաքապետարանը այժմ ոչ մի կացարան չունի, կան ինչ-որ վանդակներ, որոնք, սակայն, դեռ չեն կարող շահագործել՝ ախտահանման հետ կապված խնդիրների պատճառով։ Շների կացարանն էլ, ըստ նրա, հեռահար նպատակ է, որին հասնելու հստակ տվյալներ դեռ չունեն։

«Կացարան ունենալը բավականին բարդ է, որովհետև պատկերացրեք մի քանի հարյուր շուն նույն տարածքում ես պահում, հազար ու մի հիվանդություն կարա լինի, եթե ուրիշ բան չասեմ: Դա արդեն ամենավերջին ստադիան է, մենք հիմա չենք կարող ասել՝ երբ կլինի ծրագրի վերջը, որովհետև հիմա ես չգիտեմ Փարաքար համայնքը ինչ հաճախականությամբ ու ինչ քանակությամբ տարեկան մրցույթ կհայտարարի: Միևնույն է այնտեղի շունը գալու է այստեղ», - ընդգծեց Հրաչյա Աղաբեկյանը

Երևանում գործող կենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ եթե բոլոր համայնքները միանան իրենց ջանքերին, առաջիկա երկու տարում թափառող շների թիվը Հայաստանում նկատելիորեն կնվազի։ Մինչ այդ խորհուրդ է տալիս չվախենալ, հարձակման վտանգի դեպքում կտրուկ շարժումներ չանել, հնարավորության դեպքում՝ կերակրել։

«Իմ երեխան, ում կծել են, անընդհատ ասում է՝ մամ, ես կուզեմ դրսից մի հատ շունիկ մեր տուն.... այսինքն՝ ինքը հաղթահարեց իր վախը», - ասաց Լիանա Ավետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG