Մատչելիության հղումներ

Երևանում է աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալեսանդրո Սաֆինան


«Սիրո երգեր» խորագրված ծրագրով, որի մեջ ներառված են իր և համաշխարհային հեղինակների հանրահայտ գործեր, այս օրերին Երևանում է գտնվում իտալացի աշխարհահռչակ երգիչ Ալեսանդրո Սաֆինան։

Նա երեկ հանդես եկավ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ իտալացի անվանի դիրիժոր Նիկոլա Սիմոնիի ղեկավարությամբ։ Իսկ վաղը աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հանդես եկող իտալացի երգիչը համերգային նույն ծրագրով հանդես կգա «Դվին Մլուզիք Հոլլում»։

Ալեսանդրո Սաֆինայի հյուրախաղերը Հայաստանում կազմակերպել է SONATI ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը համերգներից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ համերգային ծրագրում ընդգրկվել են թե' Ալեսանդրո Սաֆինայի, թե' այլ հանրահայտ երաժիշտների ստեղծագործություններ, որպեսզի մեր ունկնդիրը մեծ բավականություն ստանա սիրո երգերից. - «Ամենագեղեցիկ երգերը ընգրկվեցին ծրագրում։ Այնուհետև մենք խնդրեցինք նաև, որ հայ երգչուհի մասնակցի համերգին, և Սաֆինան համաձայնեց ելույթ ունենալ մեր Օպերային թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանի հետ, նրանք երգելու են երկու դուետ։ Ճիշտն ասած, այն փաստը, որ արդեն Արամ Խաչատրյան համերգասրահում տեղ չկար, ստիպեց մեզ մտածել նաև երկրորդ համերգի մասին, որը փետրվարի 15-ին կկայանա «Դվին Հոլլում»։ Այնտեղ համերգից մեկ ժամ առաջ կսկսի նվագել Վահագն Հայրապետյան ջազ տրիոն։ Ինքը շատ տեխնիկապես հագեցած համերգ էր, որ լույսի, ձայնի, նվագախմբի... գործիքներ կար, որ Հայաստանում չկար, դրսից ենք բերել։ Տեխնիկապես ծանր համերգ էր, աֆիշայով շատ թեթև է երևում, բայց և' լույսը, և' ձայնը, ամեն ինչը բավականին աշխատատար էր»։

Սոնա Հովհաննիսյանը հիշեցրեց նաև, որ Ալեսանդրո Սաֆինան հայտնի է ոչ միայն օպերային, այլև հանրահայտ փոփ երգերի կատարմամբ։ CNN-ը Ալեսանդրո Սաֆինային ճանաչել է համաշխարհային փոփ-օպերային թատերաշխարհի երեք լավագույն տենորներից մեկը, որի կատարումները սիրո տոնին նվիրված այս օրերին հնարավորություն ունեն վայելել մեր երաժշտասերները։

Ալեսանդրո Սաֆինան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան։ Առաջինը համերգով այստեղ 2011 թվականին է հանդես եկել և ջերմ հիշողություններ ունի՝ կապված թե' Հայաստանի, թե' հանդիսատեսի, թե' ստացած նվերների և հայկական կոնյակի հետ։ Ասաց, որ սքանչելի է, որ վերջապես այս համավարակային շրջանում հյուրախաղերի հնարավորություն ունի և, կարևորը, որ հենց այստեղ՝ Հայաստանում, որտեղ հանդես գալու հաճույքն արդեն իսկ վայելել է 2011 թվականին. - «Կորոնան ծանր հիվանդություն է, և վերջին երկու տարիներին հատկապես Իտալիայում ոչ մի համերգ տեղի չունեցավ։ Գուցեև վաճառվում էին տոմսերը, բայց հետո համերգները հետաձգվում էին։ Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ համերգով հանդես գալ»։

Ալեսանդրո Սաբինան ընդգծեց, որ ծանոթ է հայ երաժշտական ավանդույթներին։ Իսկ առաջին համերգն էլ 2011 թվականին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը մեծ տպավորություն է թողել իր վրա։

Հիմա էլ չի կասկածում, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ իր պրոֆեսիոնալիզմով հրաշալի հնարավորություններ կստեղծի համագործակցության համար։ Առաջիկայում համերգներ են նախատեսված նաև Ռուսաստանում, բայց քանի որ աշխարհը բարդ համավարակային, նաև տնտեսական ու քաղաքական իրավիճակում է, վստահ չէ, որ այդ հյուրախաղերը տեղի կունենան։ «Ամեն ինչ կախված է Բայդենից ու Պուտինից», - ծիծաղելով ամփոփում է լրագրողների հետ հանդիպումը իտալացի հանրահայտ երգիչը՝ Ալեսանդրո Սաֆինան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG