Չինաստանն Ավստրալիային կոչ է անում «չբորբոքել Ուկրաինայի ճգնաժամը»: Այդպես Չինաստանի արտաքին գերատեսչությունը պատասխանել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով նախօրեին ասել է, թե «Չինաստանը սառնասրտորեն լռում է Ուկրաինայի հարցում»:
«Մեր դիրքորոշումն Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ միշտ շատ հստակ է եղել՝ կարգավորման համար անհրաժեշտ է վերադառնալ Մինսկյան համաձայնություններին, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունն են ստացել: Այդ հիմնարար փաստաթուղթը բոլոր կողմերն են ճանաչել և պետք է անվերապահորեն իրագործեն: Բոլոր կողմերը պետք է ձգտեն երկխոսության և բանակցությունների եղանակով ապահովել համապարփակ կարգավորումն ու դրա հետ կապված հարցերը», - ասել է Չինաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Վան Վենբինը:
Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման խնդրում ներգրավված կողմերը պարտավոր են լինել ռացիոնալ ու զերծ մնալ լարվածությունը բորբոքելու և ճգնաժամը սրելու քայլերից:
Վան Վենբինը նաև Ավստրալիային կոչ է արել «հրաժարվել «սառը պատերազմի» ժամանակաշրջանի մտածելակերպից և ռազմատենչ մեկնաբանություններով չսրել առանց այն էլ լարված կացությունը»։