Մատչելիության հղումներ

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայկական մածունի արտահանման խնդիրներով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայկական մածունի արտահանման խնդիրներով։

Օրենսդրական փոփոխություններից հետո անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն էլ որպես «աշխարհագրական նշում» գրանցի մածունը, որից հետո վրացական կողմի հետ կսկսվեն բանակցությունները վրացական մացոնին և հայկական մածունը փոխադարձաբար ճանաչելու հարցի շուրջ, «Ազատությանն» այսօր փոխանցեց աշխատանքային խմբի անդամներից Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։

«Այժմ ներկայացվել է աշխարհագրական նշումների մասին օրենքում փոփոխություններ, որտեղ աշխարհագրական նշման սահմանումն է փոփոխվել, որն էլ հնարավորություն կտա արտադրողներին գրանցելու «մածուն» անվանումը որպես «աշխարհագրական նշում»: Այնուհետև մենք հուսով ենք, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում կարող ենք փոխադարձ ճանաչել իրենց «մացոնի» անվանումը մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, և մեր «մածուն» անվանումը՝ Վրաստանի Հանրապետությունում: Վրացական կողմը մեզ համաձայնագիր է ներկայացրել, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության մասին համաձայնագիր», - ներկայացրեց Համբարյանը:

Հայաստանից կաթնամթերք արտահանողները «մածուն» անվանումով մակնշված ապրանքները Վրաստանով անցկացնելիս վերջին ամիսներին խնդիրների են բախվել։ Վրաց մաքսավորները կասեցրել են բեռը, պատճառաբանելով, որ «մածուն» անվանումով ապրանքները շփոթելու աստիճան նման է իրենց երկրում գրանցված «մացոնի» աշխարհագրական նշմանը։ Նկատենք, սակայն, մացոնին Վրաստանում գրանցված էր դեռ 2012 -ից:

«Մինչև 2021 թվականը որևէ խնդիր չի ստեղծվել մեր արտադրողների համար, որևէ խոչընդոտ չի եղել, ինչո՞ւ, հիմա ես դրա պատասխանը չունեմ: Ամեն դեպքում վրացական կողմը հիմնավորում է, որ ավելի խիստ են մոտենում մտավոր սեփականության պահպանության հարցերին, դա իրենց քաղաքականության մի մաս է կազմում», - նշեց Հակոբյանը:

Նախարարությունից նաև պնդում են, այնպես չէ, որ խնդրին նոր են ծանոթացել կամ մինչև այս քայլեր չի ձեռնարկվել։ Դեռ 2011 թվականին էկոնոմիկայի նախարարության կից գործող մտավոր սեփականության գործակալությունը իր առարկություններն էր ներկայացրել վրացական «մացոնի» անվանման գրանցման դեմ, բայց ապարդյուն։

«Հիմնավորելով, որ «մածուն» անվանումով կաթնամթերք արտադրվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, սակայն վրացական կողմը հաշվի չի առել առարկությունը և այնուհետև 2012-ին գրանցել է այն: Առարկություն է ներկայացվել հետագայում նաև Եվրամիությունում, բայց, ցավոք սրտի, Եվրամիությունը նույնպես հաշվի չի առել ներկայացված առարկությունը», - ասաց Քրիստինե Հակոբյանը:

Էկոնոմիկայի նախարարությունը դեռ չունի հաշվարկներ, թե վերջին մոտ վեց ամիսների ընթացքում ծագած այս խնդրի հետևանքով ինչ վնասներ են կրել հայաստանյան կաթնամթերք արտադրողները, առանձին ընկերություններ ևս չցանկացան խոսել այս մասին։ Հայաստանում գործող օրենքներով մածունը որպես «աշխարհագրական նմուշ» գրանցելու համար անհրաժեշտ է հենց արտադրողներին դիմումը։

Օրենսդրական փոփոխությունների և խնդրի լուծման համար հետագա քայլերի հետ կապված կոնկրետ ժամկետներ նախարարությունից ասել դեռ չեն կարող. «Փոփոխությունները ներկայացվել են կառավարություն, մենք հույս ունենք, որ շատ շուտով կառավարությունը հավանություն կտա, Ազգային ժողովի կողմից կընդունվի, մոտակա մի քանի ամսում ակնկալում ենք օրենքի ընդունումը: Դրանից հետո 3-4 ամիս կտևի անվանման գրանցումը»:

Դեռ 2021 թվականի սեպտեմբերից առկա խնդիրը լրատվամիջոցներում մեծ արձագանք գտավ այն բանից հետո, երբ վրացական լրատվամիջոցը մածունի արտահանման արգելքի մասին տեսանյութում օգտագործեց ապակյա տարաների կադրեր, որոնց վրա հայերեն տառերով գրված էին «Ղարաբաղն Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։

Սոցցանցերում կոշտ արձագանք հարուցած հայատառ այդ տեքստի բովանդակության հետ կապված լրատվամիջոցը ստիպված եղավ ներողություն հայցել և հեռացրեց ռեպորտաժի այդ հատվածը հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։ Ինչ վերաբերում է բուն մացոնիին, ապա այն տասնյակ մթերքներից մեկն է, որը Վրաստանը ներառել է իր աշխարհագրական նշումների ցանկում։

«Աշխարհագրական նշում» տերմինը վերաբերում է անվանմանը, որը հայտնվում է այն ապրանքների վրա, որոնք ծագում են որոշակի աշխարհագրական տարածաշրջանից և ունեն հատկություններ կամ համբավ` պայմանավորված ծագման վայրով: Վրաստանի կառավարության հեղինակած այդ ցանկում են, օրինակ, Սուլուգունի պանիրը, Հայաստանում Սևանի Իշխանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG