2021 թվականին ժողովրդավարության մակարդակով Հայաստանը տարածաշրջանի առաջատար երկիրն է՝ աշխարհի 165 պետությունների շարքում գրավելով 89-րդ տեղը։ Սա է վկայում լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական հավելվածի տարեկան զեկույցը։
«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները պետությունների ժողովրդավարության մակարդակը մի շարք ոլորտներում գնահատում են 10 բալանոց սանդղակով և ընդհանուր հայտարարով Հայաստանը ստացել է գրեթե 5,5 միավոր, ստույգ՝ 5, 49 միավոր, որը ավելի լավ ցուցանիշ է, քան տարածաշրջանի մյուս բոլոր երկրները՝ Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը։
«Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է ցուցանիշները 0,14 բալով, ընդհանուր բալերը հասցնելով 5,49։ Ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին գրավել է նույն 89-րդ տեղը, երկու աստիճան բարձր հարևան Վրաստանից», - արձանագրում են «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները, նշելով, որ 2021-ի հուլիսին կայացած խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրային ուժեղ մանդատ են տվել, ցնցումների ու դժգոհությունների ժամանակահատվածից հետո։
«Պարոն Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020-ի ռեցեսիայից ու Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Դա կառավարությանը հնարավորություն տվեց շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը։ Այնուհանդերձ, չնայած ցուցանիշների բարելավմանը, Հայաստանի ժողովրդավարության մտահոգությունները մնում են։ Դատական համակարգի անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված»,- նշված է զեկույցում։
«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները աշխարհի երկրների ժողովրդավարության մակարդակը գնահատում են հինգ չափորոշիչներով՝ ընտրական գործընթացներ ու բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և հինգերորդը՝ քաղաքացիական ազատություններ։ Որքան շատ են տրված միավորները, այնքան բարձր է ժողովրդավարության մակարդակը:
Հայաստանը ամենաշատ միավորները՝ 10-ից 7,50 միավոր է ստացել ընտրական գործընթացների ու բազմակարծության համար, քաղաքական ներգրավվածությունը ևս բարձր է գնահատվել՝ 6 բալից ավելին (6,11) , բարձր միավորների առումով կառավարության արդյունավետությունը երրորդն է՝ 5,71 միավոր, Հայաստանում քաղաքացիական ազատությունները 5 միավոր են գնահատել, իսկ ամենացածրը քաղաքական մշակույթը՝ ընդամենը 3,13 միավոր։
«Էկոնոմիստ»-ի հավելվածը աշխարհի 165 պետություններն ու երկու տարածքները դասում է չորս խմբի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ։
Հայաստանը, ինչպես նախկինում, հիմա նույնպես մնում է հիբրիդային խմբում։
Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը և Չինաստանը՝ ավտորիտար երկրների թվում
Լիակատար ժողովրդավարության խմբում Արևելյան Եվրոպայից ոչ մի երկիր չկա։ «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները նշում են, որ Արևելաեվրոպական տարածաշրջանի երկրների թույլ տեղը քաղաքական մշակույթն է ու կառավարության արդյունավետությունը։ Այնուամենայնիվ, Արևելաեվրոպական երեք երկիր՝ Մոլդովան, Մոնտենեգրոն ու Հյուսիսային Մակեդոնիան բարելավել են իրենց ցուցանիշները և հիբրիդային ռեժիմից անցել են թերի ժողովրդավարության երկրների խումբ։
Լիակատար ժողովրդավարության խումբը սկսվում է 8 միավորից և բարձր։ Այս խմբի առաջին տեղերում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան։ Թերի ժողովրդավարության խումբը 6 միավորից է սկսվում, հիբրիդային ռեժիմը 4 միավորից բարձր, իսկ 4 միավորից ցածր ստացած երկրները արդեն դասվում են ավտորիտար խմբում։
Լիակատար ժողովրդավար է համարվել 21 երկիր (12,6%), որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 6,4 տոկոսը։ Թերի ժողովրդավար է 53 երկիր (31,7%), աշխարհի բնակչության 39 տոկոսից քիչ ավելին։ Հիբրիդային իշխանակարգ է համարվել 34 երկիր (20,4%), աշխարհի բնակչության 17 տոկոսը։ Աղյուսակի ստորին խմբի՝ ավտորիտար ռեժիմի երկրների թիվը ավելացել է երկուսով և «Էկոնոմիստ»-ի ցանկում ամենաշատը ավտորիտար ռեժիմի երկրներն են՝ 59 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Չինաստանը։ Այդ խմբի երկրներում ապրում է աշխարհի բնակչության ավելի քան 37 տոկոսը, որի մոտավորապես կեսը Չինաստանի բնակչությունն է կազմում։
Գլոբալ առումով արձանագրվել է ժողովրդավարության որոշ նահանջ։ Նախորդ տարվա համեմատ երկու երկիր՝ Իսպանիան և Չիլին դուրս են մնացել լիակատար ժողովրդավարության խմբից, դասվելով թերի ժողովրդավարության երկրների խմբում։
Զեկույցը նաև նշում է կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը ժողովրդավարության և քաղաքացիական ազատություների վրա, որն արդեն երկրորդ տարին է շարունակվում։