Տնտեսական աճի տեմպերը եվրոյի գոտում 2022 թվականին կնվազեն, պնդում են ԵՄ տնտեսական բլոկի պատասխանատուները։
«2021 թվականի տնտեսական աճը սպասվածից ավելի բարձր էր։ Այժմ, սակայն, ԵՄ անդամ պետություններում և եվրոյի գոտու երկրներում 4 տոկոսի տնտեսական աճ է կանխատեսվում», - այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլիոնին։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` ԵՄ տնտեսական աճի տեմպերի նվազումը կապված է էներգակիրների գնի կտրուկ աճի, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած հումքի և պահեստամասերի մատակարարումների խափանումների հետ։
Ջենտիլիոինիի խոսքով` ընթացիկ տարում ԵՄ տարածքում ՀՆԱ աճը կկազմի 4 տոկոս՝ նախատեսված 4,3-ի փոխարեն։ Բացի այդ, ըստ եվրոպացի պաշտոնյայի` զգալի կլինեն նաև ինֆլյացիայի տեմպերը՝ գերազանցելով 3,5 տոկոսը։