Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ձգձգում է Լեհաստանի համար նախատեսված մի քանի միլիոն եվրոյի օգնությունը


Եվրամիությունը ձգձգում է Լեհաստանի համար նախատեսված մի քանի միլիոն եվրոյի օգնությունը` Եվրամիության դատարանի որոշումը Վարշավայի կողմից չկատարելու պատճառով։

Սա առաջին դեպքն է, երբ Եվրահանձնաժողովը դադարեցնում է Եվրամիության անդամ երկրների վճարումը դատական վճռի չկատարմամբ պայմանավորված։ Անցած տարվա սեպտեմբերին Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն Լեհաստանը պետք է օրական 500 հազար եվրոյի տուգանք վճարի դատարանի վճիռը չկատարելու համար։

Դատական այդ վճռով Լեհաստանը պարտավորվել է, բայց հրաժարվում է դադարեցնել Չեխիայի և Գերմանիայի սահմաններին գտնվող «Տուրով» քարհանքում ածխի արդյունահանումները։ 2021 թվականին Պրահան էր Վարշավայի դեմ հայց ներկայացրել` պնդելով, որ ածխահանքերի ընդլայնման ֆոնին` Լեհաստանի սահմանակից շրջաններում չեխ բնակչության կենսամակարդակը սկսել է հետընթաց արձանագրել՝ մասնավորապես կտրուկ կրճատվել են ջրային ռեսուրները, մարդիկ սկսել են բողոքել աղտոտվածությունից ու աղմուկից։

Մայիսին Եվրամիության դատարանը բավարարել է չեխական կողմի բողոքները` Լեհաստանին պարտավորեցնելով դադարեցնել այդ տարածքում մարդկանց բողոքը հարուցող գործունեությունը, ինչը, սակայն, Վարշավան հրաժարվում է կատարել։ Լեհաստանի կառավարությունը Բրյուսելին մեղադրում է երկրի էներգետիկ անվտանգությանը միջամտելու համար։

Լեհաստանի պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 100 միլիոն եվրո։ Չեխիան օրերս ետ է կանչել բողոքը, որից հետո Լեհաստանը հարևան երկրին 45 միլիոն եվրո է վճարել և խոստացել ուսումնասիրել աղմուկը, օդի աղտոտվածությունը և ստորգետնյա ջրերի մակարդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG