Մատչելիության հղումներ

Ուժի մեջ մտան ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումները


Այսօրվանից ուժի մեջ մտան ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումները․ այսուհետ նոր պայմանագիր կնքող բոլոր վարորդները կվճարեն 41 հազար դրամ՝ անկախ մեքենայի տեսակից ու ձիաուժից: Այս սակագինը, սակայն, հետագայում կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝ կախված վարորդի վարքից։

Ոլորտը համակարգողների պնդմամբ՝ սա արդարացի և անհրաժետ քայլ է:

2010 թվականից պարտադիր դարձած ավտոմեքենաների ապահովագրության համար մինչ օրս վարորդները վճարում էին ըստ մեքենայի շահագործման տեսակի ու շարժիչի հզորության. բարձր ձիաուժ ունեցող մեքենաների վարորդները ավելի շատ էին վճարում, գինը ճշգրտվում էր նաև վարորդների վարքագծով՝ այսպես կոչված բոնուս- մալուս համակարգով. եթե քաղաքացու մեղքով վթար էր տեղի ունենում, ապահովագրական վճարն ավելանում էր և հակառակը՝ օրինակելի վարորդների համար զեղչ էր կիրառվում։

Այսօրվանից ուժի մեջ մտած փոփոխություններով ապահովագրության վճարի չափը կախված կլինի միայն վարորդների անհատական վարքագծից։ Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունները վերահսկող ավտոապահովագրական բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի պնդմամբ՝ նախկին կարգն անարդար էր, որոշեցին հրաժարվել:

«Ինքը շատ պատահարներ կունենա, մեծ պատահարներ կունենա՝ ավելի շատ կվճարի, մյուսը չի ունենա՝ իրենը գնալով կպակասի», - նշեց Եղիազարյանը:

Այս նոր կարգավորումները առայժմ վերաբերում են միայն նոր պայմանագիր կնքող վարորդներին։ Մյուսների համար այս տարի էլ դեռ կգործի հաշվարկման հին մեխանիզմը, սակայն հետագայում նրանք էլ կանցնեն նոր համակարգին։

Այսօրվանից գործող մեկ այլ կարգավորմամբ էլ գործող ԱՊՊԱ պայմանագրերը թանկանում են 3000 դրամով։ Բյուրոյի տնօրենի խոսքով, դա անհրաժեշտ է, քանի որ համակարգի ներդրումից հետո՝ արդեն տասը տարուց ավելի, սակագները չեն վերանայվել, մինչդեռ համակարգի ֆինանսական ծանրաբեռնվածությունն ավելացել է:

«Գնալով կարող էր համակարգի կայունությանը վտանգել, որովհետև ապահովագրական ընկերությունները եթե վնասով աշխատեին, բնականաբար, կհրաժարվեն էս ծառայությունը մատուցել ու համակարգը կկործանվի», - ընդգծեց Վաղինակ Եղիազարյանը:

Մարտի 1-ից փոփոխություններ են լինելու նաև վարորդների անհատական ռիսկերը հաշվարկող բոնուս-մալուս համակարգում, եթե հիմա վարորդների մեղքով վթարի դեպքում՝ անկախ վնասի չափերից, ապահովագրական վճարները նույն համամասնությամբ էին ավելանում, ապա մարտից թանկացման չափը կախված է լինելու փոխհատուցվող գումարի մեծությունից։ Ըստ այդմ, այն վարորդները, որոնք 200 հազար դրամից ավելի վնաս կհասցնեն, հետագայում ստիպված կլինեն ավելի շատ վճարել ապահովագրության համար։ Բյուրոյի տնօրենի խոսքով, սակայն, թանկացումը միջինը 100 տոկոսից ավելի չի լինի:

Մի խումբ վարորդներ անցած շաբաթ բողոքի ցույցեր անցկացրին այս փոփոխությունների դեմ։ Նրանց համոզմամբ, այս կարգավորումները հիմնավորված չեն. այսօր ևս ցուցարարները երթ իրականացրին դեպի ավտոապահովագրական բյուրո:

«Էս փոփոխությունը մենք տրամաբանության մեջ չենք տեսնում, իսկ պատճառաբանությունները, կարծում եմ, բոլորդ տեսել եք, դրանք հուսադրող չեն առնվազն: Մենք շարունակելու ենք պայքարել», - նշեց ակտիվիստներից մեկը:

Բյուրոյի տնօրենը լսեց նրանց. երկարատև բանավեճից հետո, սակայն, կողմերն ընդհանուր հայտարարի չեկան։

Ցույցերին հեռակա հետևող վարորդներից մի քանիսը, «Ազատության» հետ զրույցում այս փոփոխությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ էին հայտնում, նրանք նաև այլ խնդիր էին մատնանշում՝ ապահովագրականների ծառայության որակը:

Ոլորտը վերահսկող բյուրոյի ղեկավարը չի հերքում՝ ծառայությունների մատուցման որակի խնդիր կա, ու շեշտում է՝ այս փոփոխությունների նպատակը թերացումները շտկելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG