Մատչելիության հղումներ

Մարտի 1-ից բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Գարուն ա...» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը


«Գարուն ա...» ֆիլմը ստեղծագործական կազմի անդամների մամուլի ասուլիսը։
«Գարուն ա...» ֆիլմը ստեղծագործական կազմի անդամների մամուլի ասուլիսը։

Շուտով էկրան կբարձրանա «Գարուն ա...» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը, որի ստեղծագործական կազմի անդամները՝ ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանը, պրոդյուսեր Դիանա Ավետիսյանն ու սցենարիստ Հարություն Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին թե' իրենց մտահղացման, թե' կատարած աշխատանքի մասին։

Ալեքսանդր Խաչատրյանն ասաց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները, որ սկսվել էին 2020 թվականի ամռանը և դադարեցվել էին համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով, շարունակվել 2021 թվականին։ Այժմ ֆիլմը պատրաստ է և մարտի 1-ից բոլոր կինոթատրոններում կներկայացվի մեր հանդիսատեսին։

Ֆիլմը նկարահանվել է իր և հովանավորի կողմից, պետական կառույցներից ֆիլմի նկարահանմանն աջակցել է միայն Պաշտպանության նախարարությունը։ Ֆիլմը հայրենասիրության, պետական մտածողության, միասնության, նվիրյալների ու սիրո մասին է։

Ալեքսանդր Խաչատրյան
Ալեքսանդր Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով, դեռ 2015 թվականին էր մտահղացել նման ֆիլմ նկարահանել, իսկ ապրիլյան պատերազմն է'լ ավելի ամրապնդեց նման ֆիլմ ստեղծելու գաղափարը. - «Երբ մենք արդեն սկսում էինք աշխատանքները և մտածում էինք, որ Աստված չանի, եթե հանկարծ մի բան լինի, նորից պատերազմ, ո՞վ է գնալու կռվի, որովհետև ժողովրդի մեջ այն ոգևորությունը, հայրենասիրության, ազատության, անկախության ոգևորությունը չկար կարծես թե։ Մարդիկ ավելի հուսահատության մեջ էին, ավելի հիասթափված էին։ Մի խոսքով, բոլորդ գիտեք, թե ինչ էր այդ ժամանակ վիճակը։ Եվ հանկարծ եղավ քառօրյան։ Եղավ քառօրյան, և մեզ բոլորիս համար անակընկալ էր այն ժողովրդի՝ մի մարդու նման կանգնելը և' Սփյուռքում, և' Հայրենիքում։ Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ուսանողությունը վայենկամատների առաջ հերթ էին կանգնել և այլն, մեզ համար անակընկալ էր դա։ Այս պատերազմի ժամանակ դա անակնկալ չէր, բայց այն ժամանակ դա մեծ անակնկալ էր և անսպասելի էր բոլորի համար։ Եվ մենք մտածեցինք, որ այս սրա մասին է պետք գրել։ Ոչ թե պատերազմի մասին, ոչ թե պատերազմում հաղթելու մասին, այլ այս երևույթի մասին է պետք խոսել և ֆիլմ նկարել։ Եվ այդպես եկավ գաղափարը այս ֆիլմի»։

Հարցին, թե արդյոք 2020 թվականի պատերազմը փոփոխություններ չի բերել ֆիլմում, Խաչատրյանն արձագանքեց. - «Սա ֆիլմ է մեր մասին, ֆիլմ է մեր վերաբերմունքի մասին մեր երկրին, մեր պետությանն ու պետականությանը, պետություն ստեղծելուն և կառուցելուն։ Որովհետև թեման այնքան հզոր էր, որ պատերազմը շատ քիչ բան փոխեց սյուժեի մեջ, գրեթե ոչինչ, ուղղակի մի քանի հարցադրումներ ավելի սրվեցին։ Բայց հիմնականում մնաց այն կոնտեքստը, որ կար հենց ի սկզբանե։ Մենք փորձեցինք ինչ-որ ձևով կապել այս պատերազմի հետ, բայց պատերազմը դեռ պիտի մարսենք՝ եթե կարողանանք, հետո նոր ինչ-որ ձևով փորձենք անդրադառնալ»։

Ռոման Մուշեղյան
Ռոման Մուշեղյան

Ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ասաց. - «Կարծես թե «Գարուն ա...» ֆիլմով նոր հերոս ենք առաջ քաշում, իդեալ-հերոսի նոր տեսակ, որի հայրենասիրությունը կարծես թե սահմաններ չունի։ Արամ Ամատունու՝ զորացրված սպա, որը հայրենիքի շահերը վեր է դասում ամեն ինչից, անգամ սեփական ընտանիքից։ Եվ նրա խոսքերով, հայրենիքը լոկ հողակտոր չէ, հայրենիքը սկսվում է ամեն անհատի պատասխանատվությունից, անհատի մեծ սիրուց առ Հայրենիք, առ հասարակություն։ Եվ նա համոզված է, որ հենց այդ գաղափարն է, որ կարող է հիմք ծառայել առողջ հասարակություն և հզոր պետականության ստեղծելու, ունենալու համար»։

Ֆիլմե սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը նշեց. - «Սցերանը գրելիս բավականին ուսումնասիրվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների սխրագործությունները, և, որպես սցենարիստ, պետք է ասեմ, որ մինչև այս վերջին պատերազմը ես ապշած է, թե ինչ են արել մեր 18-20 տարեկան երիտասարդները։ Մարդու ուղեղի մեջ նույնիսկ չի տեղավորվում, որ կյանք չտեսած երիտասարդը նման անձնազոհության, հերոսության պատրաստ է։ Ինչ վերաբերում է հերոսներին ընդհանուր առմամբ, փորձել ենք արխետիպային հերոսներ վերցնել, որոնք մեր հասարակության մեջ կան, բայց թեմաներ կան, որոնց մենք չենք սիրում անդրադառնալ։ Այսինքն իրականում բոլորի տներում այդ խնդիրը կա, որն ունի երիտասարդ զինվոր՝ պատերազմի նկատմամբ վախ։ Դա ռեալ վախ է, ծնողական վախ է, հասկանալի է։ Բայց կան հերոսներ, որոնք փորձում են բացատրել, որ քո երեխայի կյանքն ավելի թանկ չէ, քան մնացածինը, որ այսօր սահմանի վրա կանգնում են։ Այդ ընդհանուր գաղափարախոսությունը, հայրենիքի առաջ հավասարության սկզբունքը... հայրենիքի առաջ բոլորս հավասար ենք՝ անկախ մեր սոցիալական դիրքից, չգիտեմ ինչից։ Ու գլխավոր հերոսի կերպարն այս դեպքում, փորձում է այդ միտքը, այդ գաղափարը տանել ու հասցնել հանդիսատեսին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG