Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Մոսկվաում Ուկրաինայի խնդրի շուրջ բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վաղը Մակրոնը կմեկնի Կիև, որտեղ քննարկումները կշարունակի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Արևմուտքում ենթադրում են, որ Ուկրաինայի սահմանների մոտ ավելի քան 100 հազարի հասնող զորք կուտակած Ռուսաստանը կարող է մոտ ապագայում ռազմական գործողություններ նախաձեռնել:
Այս ուղևորությունը, վերլուծաբանների համոզմամբ, ռիսկային է Մակրոնի համար, քանի որ ընդամենը երեք ամիս անց Ֆրանսիայում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ, և եթե նա ձեռնունայն վերադառնա Մոսկվայից ու Կիևից, ապա դա վնաս կհասցնի նրա քաղաքական վարկանիշին:
Ելիսեյան պալատին մոտ գտնվող երկու անանուն աղբյուրների փոխանցմամբ՝ Մակրոնի այցերի նպատակն է «մինչև ապրիլ ամիս սառեցնել իրավիճակը և եթե ոչ կանխել, ապա գոնե հետաձգել ռուս-ուկրաինական հնարավոր բախումը»:
Մոսկովյան և կիևյան այցերի նախօրեին Մակրոնը երկարատև հեռախոսազրույցներ է վարել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ:
Ամերիկացի փորձագետների համոզմամբ՝ ռուսական կողմն Ուկրաինայի վրա հարձակման համար անհրաժեշտ զինուժի քանակը և մարտական պատրաստության աստիճանը հասցրել է 70 տոկոսի:
Մոսկվան հավաստիացնում է, որ ագրեսիվ մտադրություններ չունի, և պնդում է, թե իրավիճակը սրում են նախևառաջ Ուկրաինան և արևմտյան երկրները: