Հայաստանի և Ավստիրայի միջև փոխգործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը, նշելով, որ այս տարի լրացել է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա փոխգործակցության մեծ ներուժ կա: Այն իրացնելու համատեքստում Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորել է քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում Հայաստանի ու Ավստրիայի կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Երևանում հայ-ավստրիական գործարար ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնմանը, համատեղ նոր ներդրումային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Ալեքսանդր Շալենբերգը նշել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ ունեցել է արդյունավետ բանակցություններ և նշել, որ Ավստրիան շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ բոլոր ուղղություններով: Ավստրիայի ԱԳ նախարարը ողջունելի է համարել ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին դրանց հետագա արդյունավետ ընթացքն ապահովելու գործում:
Համաձայն հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Փաշինյանը և Շալենբերգը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հնարավորություններին և դրա համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել է ՄԽ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցի իրականացումը: