Մատչելիության հղումներ

Միացյալ Թագավորությունն աջակցում է Մինսկի խմբի համանախագահությանը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նրանք, ըստ ԱԳՆ հաղորդման, կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:

Արարատ Միրզոյանը և Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին:

Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այսօր այս կապակցությամբ վարչապետ Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG