Մատչելիության հղումներ

Թատրոնի աշխատողների մեծամասնությունը աղքատության շեմին մոտ են գտնվում. Ռուբեն Բաբայան


Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայան
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը վաղուց արդեն միայն մանկական թատրոն չէ։ Իր ամենատարբեր, շատ հետաքրքիր բեմադրություններով թատրոնը ժամանակակից թատրերարվեստի երկրպագուների համար շատ հարազատ օջախ է դարձել, որտեղ մշտապես կարող ես հատկապես երիտասարդ ռեժիսորների բեմադրություններ դիտել՝ երիտասարդ դերասանների մասնակցությամբ։

Այս տարի ևս թատրոնը մի շարք նոր ներայացումներ ու նախագծեր է ծրագրել։ Թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասաց, որ այս տարվա առաջին պրեմերան տեղի կունենա 20 օր անց. «Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջն» է, որը դիպլոմային աշխատանք է մեր երիտասարդ ռեժիսորի՝ Հրաչյա Ղումբալյանի։ Եվ այնտեղ հիմնականում երիտասարդներ են զբաղված։ Դա դրամատիկ ներկայացում է մեծահասակների համար։ Գաղափարն իհարկե շատ հետաքրքիր է. արհեստականորեն որևէ բան հնարավոր չի անել, արհեստականորեն մարդուն հնարավոր չի փոխել, մարդը կարող է փոխվել միայն ներքուստ։ Ճիշտ գաղափար է, լավ գաղափար է, որովհետև հաճախ մեզ թվում է, որ եթե մենք դնենք որոշակի պայմանների մեջ մարդուն և ինչ-որ բան իր մեջ կփոխենք, նա կփոխվի։ Այդպես չէ։ Աշխարհը կմնա նույնը, աշխարհը կփոխվի, եթե մարդը փոխվի ներսից։ Մի շատ հետաքրքիր նախագիծ կա։ Արցախի հերոս Ալեմ Մարգարյանը՝ երիտասարդ տղա, հրաշալի անձնավորություն, որը զոհվեց պատերազմի ժամանակ, որը ուներ հնարավորություն սովորել Միացյալ Նահանգներում, որովհետև այնտեղ ընդունվել էր, բայց եկավ ու կամավոր գնաց բանակ, իր մասին թողեց հրաշալի հուշեր, բայց նաև թողեց իր ստեղծագործությունները՝ հեքիաթները, որ ինքը գրել է տարբեր տարիներին։ Այս հեքիաթների հիման վրա մենք կբեմադրենք մանկական ներկայացում, որը կկոչվի «Հետախույզ Ալենը»»։

Այս ամենին կհաջորդեն նաև մի շարք այլ նոր ներկայացումներ թե' մեծահասակների, թե' մանուկների համար։

Բաբայանն ասաց, որ գարնանն ու ամռանը հյուրախաղերի են մեկնելու Լեհաստան և Միացյալ Նահանգներ, որտեղ հրավիրվել են մասնակցելու թատերական միջազգային փառատոների։ Հյուրախաղերով այս տարի կրկին հանդես կգան սահմանամերձ՝ այս անգամ հայ-թուրքական սահմանին հարող բնակավայրերում. - «Էնտեղ էլ սահմանամերձ գոտի է, որովհետև սահմանամերձը ոչ միայն Ադրբեջանի հետ է, նաև Թուրքիայի հետ է, այդ գյուղերն էլ չի կարելի անտեսել։ Այս անգամ էլի ենք ներկայացրել մեր առաջարկությունը նախարարությանը՝ մոտ 17 բնակավայր՝ իր վարպետության դասերով, ներկայացումներով, ամեն ինչով։ Մի խոսքով, պլանները շատ են։ Այս տարի հաստատ կավարտվի թատրոնի վերազինումը, որովհետև նախարարությունը մեզ տվել է հնարավորություն բերել ամենաժամանակակից ձայնային սարքավորումներ, լույսն արդեն անցյալ տարի ձեռք բերեցինք, տեղադրեցինք։ Թատրոնը ամբողջովին կհամապատասխանի ամենաժամանակակից պահանջներին»։

Ռուբեն Բաբայանի խոսքով, շատ կարևոր էր, որ կառավարությունն անցյալ տարի տեխնիկական վերազինման համար բավական մեծ գումարներ հատկացրեց ստեղծագործական առավել արդյունավետ գործունեություն ծավալած, միջազգային մի շարք թատերական փառատոների մասնակցած և մրցանակների արժանացած մի քանի թատրոնների, այդ թվում և Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին և այլ թատրոնների։

Բայց համավարակը և դրա հետևանքով տեղ գտած սահմանափակումները շատ մեծ ազդեցություն ունեն թատրոնների ֆինանսական վիճակի վրա, ընդգծում է Ռուբեն Բաբայանը. - «Մեր արտաբյուջեն կազմվում է մեր ներկայացումներից, մեր վաճառքի տոմսերից։ Իսկ և' սահմանափակումներ, և համավարակը մոտավորապես երեք-չորս անգամ պակասեցնում է հանդիսատեսի քանակը։ Շատ բան արվում է։ Օրինակ, այն օգնությունը, այն ծրագրերը, որ հիմա նախարարությունն իրականացնում է, դա շատ ողջունելի է։ Ուրիշ բան է, որ չեն ավելանում թատրոնի աշխատողների աշխատավարձները, արդեն յոթերորդ տարին է։ Երեկ հեռուստատեսությամբ տեսա, որ Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձը 220 թե 230 հազար է։ Թատրոնի միջին աշխատավարձը 110 հազար է։ Նշանակում է, որ թատրոնի աշխատողների մեծամասնությունը աղքատության շեմին մոտ են գտնվում, եթե ոչ աղքատության շրջանակներում։ Փորձել այդ բացը ֆինանսական արտաբյուջեով լցնել, հնարավոր չէ։ Երբեք որևէ երկրում իրական թատրոնը, ոչ թե շոուն, չի ապահովել ֆինանսական եկամուտներ։ Դրա համար կան համապատասխան օրենսդրական կարգեր՝ հովանավորչություն, մեկենասություն... Հիմա խոսվում է, որ պետք չէ հատուկ օրենք ընդունել։ Համաձայն եմ, մի ընդունեք, գործող օրենքների մեջ կատարեք փոփոխություններ։ Կլինի և' ավելի արագ, և' ավելի արդյունավետ։ Կարևորն այն է, որ այդ հարցը տեղից շարժվի, լուծվի, որպեսզի թատրոնը ունենա հնարավորություն նաև այլ եկամուտներ ունենալու՝ զուտ իր աշխատողներին, մասնագետներին պահելու համար և գործերը առաջ տանելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG