2022 թվականը հոբելյանական է «Գրական թերթի» համար, որի տասնամյակներով տպագրված համարները, ըստ գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի, ներկայացնում են մեր երկրի ոչ միայն գրական-մշակութային, այլև պատմաքաղաքական ողջ իրականությունը. - «Այս տարի 90-ամյա «Գրական թերթի» ներկայությունն է մեր իրականության և մամուլի պատմության մեջ։ 1932 թվականի փետրվարի 23-ին առաջին համարը լույս տեսավ, և առաջին համար շնորհավորանքները կարդում եմ և հիմնականը՝ ծառայել կուսակցությանը։ Այսինքն՝ պաթետիկ, գաղափարախոսական։ Եվ այդ օրվանից մինչև այսօր՝ 90 տարի «Գրական թերթը» ամեն անգամ ամեն ժամանակաշրջանում լինելով իր ժամանակաշրջանի նաև ստիպված փողահարը՝ կարողացել է իր դեմքը պահել իր գրականությամբ, իր գրական և' բանավեճով, և' գրական մտքով։ Ժամանակներ է եղել, երբ նույնիսկ վախեցած սարկազմով ես կարդում մարդկանց հոդվածները, մեկը մեկին ուղղված մեղադրանքները, որոնք հասկանում ես, որ վաղը-մյուս օրը ինչ դատավճիռ կդառնան։ Կամ նույնիսկ «հալոցքի տարիներ» կոչված ժամանակաշրջանում միանգամից զգում ես ինչպիսի մտքի ճառագում կա, ինչպիսի ազատություն կա։ Այսինքն՝ ամբողջ երկրի պատմությունը մեր այս թերթի էջերում է. և' Արցախյան ազատամարտը, և' մնացած տարիները»։
Իհարկե վերջին երկու տարիների ծանր ժամանակահատվածը, երբ, համավարակով պայմանավորված, «Գրական թերթը» սկսեց տպագրվել առցանց, իսկ հետո էլ ամիսներ անց պարզվեց, որ ընթերցողը մտերմացել է թերթի կայքէջի հետ և գերադասում է թերթը չգնել։
«Գիտեք, այնպես հետաքրքիր է, չեն առնում, արդեն սովորում են կայքին, գիտեն, որ կայքում նյութերը լինելու են, և մենք այդտեղ բավական թվով ընթերցողներ կորցրենք տպագիր թերթի։ Որովհետև կայքում ամեն համար տասնյակ հազարների է հասնում դիտումները», - ասաց Խոդիկյանը։
Բնականաբար, 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները նույնպես իրենց արձագանքը գտան «Գրական թերթի» էջերում։
Իսկ ինչ վերաբերում է հոբելյանական միջոցառումներին, ապա, Կարինե Խոդիկյանի խոսքով, թերթի խմբագրակազմը որոշել է դրանք անցկացնել գրական ընթերցումների ձևաչափով հունիս ամսին՝ արժեվորելու թերթի անցած ուղին։ Առաջիկայում թերթի ռետրո համար կթողարկեն՝ հենց առաջին համարի նյութերը ներկայացնելով։ Ողջ տարվա ընթացքում «Գրական թերթի» յուրաքանչյուր համարում զետեղված կլինի ռետրո բաժին, որտեղ տեղ կգտնեն տարբեր տարիներին հրատարակված ուշագրավ նյութեր։
Եթե հովանավորներ գտնեն, հոբելյանական այս տարում անպայման կկազմակերպեն նաև մրցանակաբախշություն։ Իրենց միջոցներով չեն կարող, քանի որ անգամ թերթը տպագրելու համար լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն. - «Մենք այնպիսի նաև սրտի զարկով ենք ապրում, որ արդեն մեր սրտի զարկը մոռացած, նայում ենք, թե երկրի տրոփյունը սրտի ինչ է։ Հասկանում ենք, որ դժվար է բոլորի համար, գիտենք, որ ի վերջո պատերազմը մեր վրա ինչ նստեց, գիտենք, որ շատ դժվար է։ Դրա համար էլ ոչ այնքան պահանջատիրոջ դերում ենք հանդես գալիս, այլ ըմբռնումով մոտենում ենք այս ամենին և կփորձենք ինչ-որ կերպ, բայց գոնե որոշ չափով այս 90-ամյակին արժանավայել նշել մեր տարեդարձը», - ասաց Կարինե Խոդիկյանը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է գրականությանն ընդհանրապես, անցած տարվա հոկտեմբերին Ծաղկաձորում երիտասարդ ստեղծագործողների համաժողովն էր, և այդտեղ շատ հետաքրքիր էրեխեք կային, հրաշալի։ Ես լավատես եմ, մեր գրականությունը երբեք սերնդից սերունդ փոխանցումի այդ ընթացքը դադար չի առնի, կան լավ ջահելներ։ Մնում է փոքր լավատեսություն մեր երկրի ապագայի նկատմամբ։ 15 թվականից հետո մեր գրողները ինչպես են ստեղծագործել... Եթե մեր հավաքական ուժը, մեր միտքը, մեր կամքը ի վերջո հաղթահարի մեր այս ընկճվածությունը, սա ժամանակավոր պարտություն կարող ենք գրանցել։ Մենք անգին հազարավոր կյանքեր ենք զոհաբերել մեր այս փոքրիկ երկրի հետագա հարատևման համար, բայց 15 թվականին նույն Տերյանը, նույն Չարենցը, նույն Թումանյանը, նույն Շանթը, մնացածները, նրանք ինչպես էին գրիչ վերցնում՝ իրենց թիկունքում ունենալով մեկ ու կես միլիոն մարդկային ողբերգություն։ Ուրեմն մենք իրավունք չունենք թևաթափվելու, մեզ պետք է մի համաձուլող, մի մակարդ է պետք։ Դա մեր երկրի ապագան է, որի համար բոլորս ամեն ինչի պատրաստ ենք։ Հենց գա այդ գիտակցությունը, մեր ծանր վերելքը կսկսվի՝ ծանր, բայց վերելք։ Ես գիտեմ, որ այդ վերելքը լինելու է»։