Բրիտանիայի ոստիկանությունը մտադիր է հետաքննել վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրում կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակաշրջանում լոքդաունի կանոնները խախտելու հանգամանքները:
Վարչապետը փորձում է հաղթահարել ճգնաժամը, որն առաջացել է լոքդաունի կանոնները խախտելու մասին մամուլում հրապարակված հոդվածներից հետո:
Հունվարի 24-ին լույս է տեսել նոր հոդված, որի համաձայն, Ջոնսոնը խախտել է իր իսկ ստորագրությամբ սահմանված արգելքները և վարչապետի նստավայրում (Downing Street 10) ծննդյան օրվա կապակցությամբ հավաք է կազմակերպել:
«Կարող եմ հաստատել, որ Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է Downing Street-ում քովիդի կանոնների հնարավոր խախտումները: Իրավապահների ուշադրության կենտրոնում են ևս մի շարք հավաքներ, սակայն դրանք չի կարելի որակել որպես քովիդի կանոնների խախտում»,- ասել է Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության պետ Քրեսինդա Դիքը:
Ջոնսոնի կառավարությունից տրանսպորտի նախարար Գրանթ Շափսը հեռուստահարցազրույցում փորձել է պաշտպանել վերադասին, ասելով, թե վարչապետի նստավայրում տեղի ունեցած հավաքը «չի կարելի անվանել ծննդյան օրվա տոնակատարություն, քանի որ այն նախապես չէր ծրագրվել»:
«Կարծում եմ, մարդկանց մեծամասնությունը խնջույքը համարում է կազմակերպված միջոցառում, այլ ոչ թե մի դրվագ, երբ գրասենյակում վաղուց միասին աշխատող մարդիկ են, և մեկն ասում է, թե ներկաներից մեկի ծնունդն է, ահա թխվածքը», - ասել է նախարարը: