«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը: Կառույցի փորձագետները նշում են, որ աշխարհում երկու տարի մոլեգնող COVID-19 կորոնավիրուսի համավարակի ընթացքում կոռուպցիայի ընկալումը գործնականում մնացել է նույն մակարդակին:
Այս զեկույցում ամփոփված են 180 երկրների տվյալները: Չնայած պետական այրերի տված խոստումներին՝ 131 երկրներում էական առաջխաղացում չի գրանցվել, 27 երկրներ կոռուպցիայի ընկալման առումով անցած տասնամյակում իրենց ամենացածր միավորներն են գրանցել:
Այս ինդեքսով երկրները կարող են ստանալ 0-ից մինչև 100 միավոր: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիան:
Փորձագետները նշում են, որ այս ժամանակաշրջանում աշխարհում մարդու իրավունքները և դեմոկրատիան գրոհների են ենթարկվում, և դա պատահական չէ, քանի որ կոռուպցիան նպաստում է մարդու իրավունքների ոտնահարմանը:
Ստեղծվում է յուրօրինակ արատավոր շրջան՝ կոռուպցիան քայքայում է մարդու իրավունքները և ազատությունները, դրա հետևանքով ժողովրդավարությունն է անկում ապրում, ավտորիտարիզմը հզորանում է, և դա, իր հերթին, է՛լ ավելի է խթանում կոռուպցիայի տարածումը:
Զեկույցում ասվում է, որ Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից կարելի է համարել անցած 5 տարվա կտրվածքով «հաջողության օրինակ»:
2017 թվականից սկսած Հայաստանը վաստակել է 14 միավոր և դրանց ընդհանուր թիվը հասցրել է 49-ի:
Հայաստանում ամրապնդվել են քաղաքացիական ազատությունները, դա ճանապարհ է հարթում ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածության և հաշվետվողականության համար:
Միաժամանակ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ինդեքսը կազմած փորձագետները նշում, որ չնայած այդ առաջընթացին՝ Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել, «ուստի Կառավարությունը պետք է վերահաստատի այդ խնդիրը լուծելու հանձնառությունը և շարունակի բարեփոխումները»:
Անդրկովկասում Հայաստանից ավելի լավ դիրքում է միայն Վրաստանը, որն ունի 55 միավոր:
Հայաստանին տարածաշրջանում հաջորդում են Թուրքիան՝ 38 միավոր, Ադրբեջանը՝ 30 միավոր, Ռուսաստանը՝ 29 միավոր, և Իրանը՝ 25 միավոր:
Կոռուպցիայի տեսակետից աշխարհում առավել մաքուր երկրներն են 88-ական միավոր վաստակած Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, որոնց 85-ական միավորով հաջորդում են Նորվեգիան, Սինգապուրն ու Շվեդիան: Շվեյցարիան ունի 84, Նիդերլանդները՝ 82, Լյուքսեմբուրգը՝ 81, և Գերմանիան՝ 80 միավոր:
Մոլորակի ամենակոռումպացված երկրների ցանկում վերջին հնգյակում են 16-ից 11 միավոր ստացած Եմենը, Վենեսուելան, Սոմալին, Սիրիան և Հարավային Սուդանը: