«Հայաստանի հոգեբուժական հաստատություններում ապրող մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերը շարունակվում են», - հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանը, որն այսօր ներկայացրեց ոլորտի չլուծված խնդիրների վերաբերյալ իր գրասենյակի արտահերթ զեկույցը։
«Գործնականում վիճակը նույն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ», - նշեց Թաթոյանը:
Համակարգային խնդիրներից մեկն, ըստ ՄԻՊ-ի, մարդու կամքին հակառակ հոգեբուժական հաստատություններում պահելն է։ Օմբուդսմեն Արման Թաթոյանն ընդգծում է՝ երբ մարդը հրաժարվում է մնալ հոգեբուժարանում, ապա հարցը պետք է դատարանում լուծել։ Բայց այդ գործընթացը հիմնականում այնքան է ձգձգվում, որ մարդիկ անորոշ պայմաններում ավելի երկար են մնում հոգեբուժարաններում։
147 էջից բաղկացած զեկույցում օրինակ է բերվել Սևանի հոգեբուժարանը, որտեղ 402 մարդ իր կամքին հակառակ է պահվում, մնացած 394 պացիենտներն, ըստ փաստաթղթերի, դեմ չեն հոգեբուժարանում բուժվելուն, բայց. «Իրականում մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը. մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, որ մարդիկ մշտապես գտնվում են հոժարակամ: Ավելին՝ մենք ուսումնասիրել ենք փաստաթղթերը, վեր ենք հանել միևնույն անձի իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ: Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ իրականում մարդիկ ստորագրել են փաստաթղթեր, իրենք այդպես էլ նշել են, ստորագրել են փաստաթղթեր առանց իմանալու, թե ինչ փաստաթղթեր են ստորագրում: Սա լրջագույն մտահոգության հարց է, որ մենք արձանագրել ենք ոչ միայն Սևանում, այլև Վարդենիսի տուն-ինտերնատում»:
Անցած տարի Մարդու իրավունքների պաշտպանի թիմն այցելել է Ավանի և Սևանի հոգեկան առողջության կենտրոններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Գրեթե ամենուր արձանագրել են, որ այնտեղ պահվող անձանց նկատմամբ սրտացավ վերաբերմունք չկա։ Օրինակ՝ բաժանմունքների դռները կողպվում են ու բացվում միայն այն ժամանակ, երբ աշխատակազմն է որոշում։
Օմբուդսմենի թիմն արձանագրել է նաև, որ մարդկանց հագուստը անձնական չէ, մեկը մյուսինը կարող է հագնել, լոգարաններում հաճախ ցնցուղները միջանցիկ պատերով բաժանված չեն։ Հաստատություններից մեկում նաև արձանագրել են, որ բոլորը մեկ մետաղական բաժակով են դույլից ջուր խմում, իսկ զսպման հին ու դաժան մեթոդներ են կիրառվում, հաճախ դրանք լինում են մյուսների ներկայությամբ:
«Մասնավորապես՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կրառվել է չոր փաթաթում և թաց փաթաթում, սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում, նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում: Որ ամենակարևորներից է՝ ֆիզիկական զսպումն իրականացվել է ընդհանուր սենյակում, այլ խնամակալների ներկայությամբ, ինչը միջազգային չափանիշների, նաև մարդու իրավունքների կոպիտ խախտում է», - ներկայացրեց օմբուդսմենը:
Չնայած արձանագրված խնդիրներին, Թաթոյանը նաև ընդգծում է, որ անցած տարվա ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համագործակցության շնորհիվ ընդունվել է ոլորտի կարգավորման համար կարևոր 12 իրավական ակտ։ Որպես դրական առաջընթաց՝ օմբուդսմենը Ավանի հոգեբուժարանը նշեց, որտեղ բուժվող մարդիկ արդեն կարողանում են առանց խոչընդոտների զանգահարել պաշտպանի գրասենյակ ու իրենց խնդիրների մասին բարձրաձայնել։ Ասաց՝ այլ դրական փոխոխություններ կան, բայց դեռ 2017-ից իրենց բարձրաձայնած խնդիրները հիմնականում չեն լուծվել։
«Մարզերում բնակվող անչափահասների սուր հոգեբուժական ախտանիշների պարագայում պացիենտները տեղափոխվում են Երևան: Մարդիկ լուրջ դժվարությունների առաջ են կանգնում: Օրինակ՝ անչափահասի տեղափոխումն իրականացվում է շտապ բուժօգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է, ենթադրենք, Վանաձորից Երևան 75 հազար դրամ», - նշեց Թաթոյանը:
ՄԻՊ-ը անցած տարի նաև Սոցապ նախարարության ենթակայությամբ գործող Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին էր անդրադարձել։ Նախարարությունը պարզաբանել էր, որ 447 շահառուի համար նախատեսված կենտրոնի շենքային պայմանները բարելավվում են, և որ ՄԻՊ-ի հրապարակած լուսանկարները չեն արտացոլել ամբողջական պատկերը։ Իսկ բժշկական պարագաների և լաբորատոր հետազոտությունների ժամկետանց լինելու վերաբերյալ ՄԻՊ-ի պնդումներին ի պատասխան Սոցապ նախարարությունից ընդգծել են՝ անհրաժեշտ էր արձանագրել, որ դրանք խոտանվելու են տարեվերջին՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։
Թաթոյանն այսօր հիշեցրեց նաև մի դեպք, երբ հոգեբուժարաններից մեկում հացադուլ հայտարարած մարդուն հարկադիր կերակրել են, ասաց, սա մարդու իրավունքների խախտում է. «Նրա նկատմամբ սննդից հրաժարվելու մասին հայտարարությունից գրեթե 17 օր անց ամենօրյա ռեժիմով կիրառվել է հարկադիր կերակրում զոնդի միջոցով: Միջամտությունն իրականացվել է առանց հիմնավոր պատճառների, առանց պացիենտի հոգեկան կամ սոմատիկ վիճակի հստակ նկարագրությամբ կամ առանց անձի իրազեկված համաձայնությամբ: Այս հարցով մենք կայացրել ենք խախտում արձանագրելու որոշում և ուղարկել ենք նաև հոգեբուժարանին»:
ՄԻՊ-ի զեկույցում նշված կենտրոններից մի քանիսն էլ Առողջապահության նախարարության ենթակայությամբ են գործում։ Պատասխանատու գերատեսչություններից առայժմ չեն արձագանքել այս նոր զեկույցին։