Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Բոսնիայի քաղաքական ճգնաժամով


ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը, արխիվ
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը, արխիվ

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ժամանել է Սարաևո։ Երեկ կայացած հանդիպմանը նա ասել է, որ նախագահ Բայդենը իրեն խնդրել է կատարել այս այցը՝ փոխանցելու, որ Միացյալ Նահանգները հետևում է Բոսնիայի իրավիճակին և քաղաքական ճգնաժամի հետ կապված շատ է մտահոգված։

Բոսնիական պատերազմից հետո USAID-ին ավելի քան 2 միլիարդ դոլար է ներդրել Բոսիա և Հերցեգովինայում՝ օժանդակելով կայունությանն ու խաղաղ զարգացմանը։

Վաշինգտոնը Բոսնիայի էթնիկ առաջնորդներին կոչ է անում մի կողմ թողնել պառակտիչ հռետորաբանությունը, ինչը սպառնում է երկրի տնտեսությանը և ընդհանրապես ապագային։

Սամանթա Փաուերը նաև զգուշացրել է, որ կայունությանը խոչընդոտողների դեմ ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել։ Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկի նկատմամբ, մեղադրելով նրան կոռուպցիայի ու երկրի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ դնելու մեջ։

1990-ականների սկզբների պատերազմից ի վեր Բոսնիայում հիմա հասունանում է քաղաքական ամենալուրջ ճգնաժամը։ Բոսնիացի սերբերը սկսել են երկրի զինված ուժերից, հարկային ու դատական համակարգից դուրս գալու գործընթաց։

1995 թվականի Դեյթոնի խաղաղության համաձայնագրով Բոսնիա և Հերցեգովինան կազմել են ինքնավարություն ստացած բոսնիացի սերբերը և ինքնավար մեկ այլ միավոր՝ դաշնություն կազմած կաթոլիկ խորվաթներն ու բոսնիացի մահմեդականները։ Երեք համայնքների առաջնորդներն ու ներկայացուցիչները կազմել են կենտրոնական կառավարման ապարատ, բայց 26 տարվա խաղաղությունից հետո բոսնիացի սերբերի առաջնորդը հանդես է գալիս Բոսնիա և Հերցեգովինայից դուրս գալու և Սերբիային միանալու օգտին։

Վաշինգտոնը մտահոգված է, որ դա կարող է սպառնալ 26 տարվա խաղաղությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG