Ամռանը՝ գարշահոտություն, ձմռանը` սառցադաշտի վերածված կոյուղաջրեր
Երևանի «Կորեայի ձոր» կոչվող թաղամասի բնակիչների խնդիրները նույնքան հին են, որքան ժամանակին այստեղ բնակված կորեացիների մասին քաղաքային լեգենդները։ Բնակիչների մեծ մասը դեռ խորհրդային տարիներից ապրում է առանց համապատասխան կոյուղու համակարգի. եղածը չի բավականացնում, արդյունքում` ամռանը գարշահոտն է տանջում, ձմռանը` կոյուղաջրերը սառցադաշտի են վերածվում։
«45 տարի ա՝ էստեղի բնակի չեմ: Շատ խնդիրներ կան անլուծելի, այս կոյուղաջրերն են, կեղտոտ կանալիզացիայի ջրերն են, էրեխեքը՝ ամբողջ օրը մեջը, լուսավորում չկա, ասֆալտը կիսատ-պռատ», - ասաց բնակիչներից Ալինա Դանիելյանը:
«Կոյուղի չկա, ամեն մեկն իր համար մի քանի խողովակ ա դրել, մեկը բարակ ա, մեկը հաստ ա, մեկը լռվում ա ու տենց փչանում ա, կոյուղի չկա: Էսի կոյուղու սառույցն ա, ավտոները գալիս են, չեն կարողանում բարձրանան էս մի քիչ տեղը, ջուրը բարձրանում ա գալիս, ստեղ սառում ա», - ասաց մեկ այլ բնակիչ՝ Պարույր Խաչատրյանը:
86-ամյա Պարույր Խաչատրյանը ծնողների հետ 1950 թվականին՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի կառուցման տարիներին է Գեղարքունիքից տեղափոխվել Երևան։ Աշխատել է հիդրոէլեկտրակայանում որպես էլեկտիկ ու 50-ականներից առայսօր ապրում է այս բանավանում։
«Կորեայի ձորը» Գյումուշ գեսի կառուցման ժամանակ, ավտոները երբ որ վթարվում էին, բերում էին ռեմոնտի, ասենք՝ վերանորոգման, էդ ժամանակ գալիս-գնում էին վարորդներ։ Վարորդներից մեկը էկավ, տեսավ՝ ինչքան մեքենա կա։ 21 մեքենա շարված էին կողք-կողքի։ Եվ ասաց՝ «էս ի՞նչ ա, Կորեայի ջա՞րդն ա»։ Ու տենց մնացել ա՝ «Կորեայի ձոր», - պատմեց Խաչատրյանը:
Ըստ ժամանակակից քարտեզների, թաղամասը Արաբկիր համայնքի կազմում է. Վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն ընդունում է՝ խորհրդային տարիներին ստեղծված բանավանում խնդիրները շատ են, լուծումը՝ ժամանակատար։ Ի սկզբանե, ըստ նրա, կոյուղու ենթակառուցվածք չի եղել, ինչ էլ եղել է՝ մաշվածության պատճառով հավասար է չլինելուն։ Արամ Դանիելանը հավելեց, որ կոյուղու նոր համակարգի կառուցման ուղղությամբ հիմա աշխատում են, սակայն չհստակեցրեց, թե վերջնական արդյունքը երբ կերևա։
«Մյուս տարի, էս պահին արդեն ուսումնասիրության փուլում է, որից հետո լինելու են նախագծման աշխատանքներ, և մենք «Քանաքեռ ՀԷԿ»-ից դեպի «Կորեայի ձոր» գնացող իմ նշած ակտիվ սեփական տներով կառուցվող հատվածում նախաձեռնում ենք, որ ունենանք կոյուղու ենթակառուցվածք, որն ամեն տարի փուլային տարբերակով ընդլայնելու է իր ծավալները: Եվ հույս ունեմ, որ կունենանք ամբողջական «Կորեայի ձորը» պարփակող կոյուղատար համակարգ», - ասաց Արամ Դանիելյանը:
Տների սեփականաշնորհման խնդիրներ
«Կորեայի ձորում» խնդիր է նաև տների սեփականաշնորհումը։ Ըստ թաղապետի, մի մասը կառուցվել են այն հատվածներում, որտեղով անցնում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարեր․ այստեղ ինքնակամ շինությունները չեն կարող օրինականացվել։ Մյուսների դեպքում՝ անհրաժեշտ գումարն է պակասում, և ոչ միայն։
«Կան նաև կադաստրային ոչ ճիշտ չափագրման արդյունքում համընկումներ, որի պատճառով ևս սեփականության վկայական մարդ չի կարողանում հանի կամ թարմացնի, քանի որ այդ վեճերը պետք է ճշգրտվեն: Ամբողջ Երևանում մենք ունենք տենց կնճռոտ հատվածներ՝ Կոնդը, Սարի թաղը, Էրեբունիում մի հատվածը, Նորագյուղը, որտեղ իմ նշած արդեն կնճռոտ համակարգային պրոբլեմները առկա են, և դա կառավարության մակարդակում ավելի շատ, ինչպես նաև Երևան քաղաքի իշխանության՝ քաղաքապետարանի առաջարկի ներկայացնելու խնդիր է, կարծում եմ, դրան ևս պետք է ուշադրություն դարձնել», - նշեց Դանիելյանը:
Թեև այս խնդիրը առկա է արդեն մի քանի տասնամյակ, ընդ որում՝ նաև մայրաքաղաքի մյուս հատվածներում, մինչ օրս, համակարգային լուծում չի գտնվել։ Արդյունքում, «Կորեայի ձորում» սեփական տների գերակշռող մասը առանձին հասցե չունի․ մոտ 300 մարդ, օրինակ գրանցված է միևնույն հասցեում՝ Շրջանցիկ թունելում։
«Համ դժվար են սեփականշնորհում, համ էլ գրանցվելն ա խնդիր, հետո ստեղ ոչ մեկն էլ իր տան վրա գրանցված չի, ընդհանուր տարածքի վրա ա», - ասաց Ալինա Դանիելյանը:
Քաղաքի ծայրամասում գտնվող՝ «Կորեայի ձորի» բնակիչները տասնամյակներով չլուծվող խնդիրները կապում են թաղամասի անվան հետ, կատակում են՝ «այլ հանրապետությունում են ապրում»։