Կինոն, կինոարվեստը իսկապես կարող է լուրջ դերակատարում ունենալ հաղթահարելու հետպատերազմական և համավարակային այս բարդ իրավիճակում ի հայտ եկած բարոյահոգեբանական խնդիրներ՝ համոզված է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։ Նրա խոսքով՝ հայ կինոգործիչներին պետք է հնարավորություն տրվի իրականացնելու իրենց նորանոր ստեղծագործական մտահաղացումները։
«Էլ ավելի հետաքրքիր ֆիլմեր նկարահանեն, որ մեր հանդիսատեսը սիրով միշտ հաճախի կինոթատրոններ՝ դիտելու հայկական կինո, ձգտի ավելի շատ նայել հայկական կինո: Այսինքն որակը լավացնեն, միտքը ավելի հետաքրքիր դարձնեն, որ հանդիսատեսը գրավվի արդեն կինոթատրոններ», - նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Շուշանիկ Միրզախանյանի համոզմամբ՝ շատ կարևոր է, իհարկե, նաև միջազգային ասպարեզում հայկական կինոն ներկայացնելը, մասնավորապես, տարբեր միջազգային կինոփառատոններին, կինոշուկաներին, ֆորումներին մասնակցելը։
«Շատերին թվում է, որ այդ միջազգային հարթակները այդքան կարևոր չեն, կարևորը, որ մեր հանդիսատեսը գնա ու նայի, ասի՝ ինչ լավ կինո ենք նկարահանել, մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի. առաջինը նաև հետաքրքրված լինի մեր կինոյով և շատ կարևոր է դրսում լուրջ միջազգային փառատոններում, լուրջ հարթակներում մենք ֆիլմեր ներկայացնենք, քանի որ այդ ֆիլմերը ներկայացնելով մենք երկիր ենք ներկայացնելու, սա լրիվ ուրիշ պատմություն է, մեկը մյուսից պետք է չտարանջատենք», - ասաց Միրզախանյանը
Գաղտնիք չէ, որ կինոարվեստը Հայաստանում, ի տարբերություն շատ ու շատ երկրների, ֆինանսավորվում է գերազանցապես պետության կողմից հատկացվող միջոցներով։ Իհարկե, վերջին տարիներին մի շարք ֆիլմեր ստեղծվեցին այլ երկրների հետ համաֆինանսավորմամբ, բայց առայժմ կինոն զարգանում է հիմնականում բյուջետային միջոցների շնորհիվ, որոնք իհարկե, միշտ չէ որ բավարար են։
«Կցանկանամ ավելի մեծ ուշադրություն դարձնեն կինոյին, քանի որ կինոն, իմ կարծիքով, ամենաբարդ արվեստներից մեկն է և իր մեջ հավաքագրվում է արվեստի տարբեր ճյուղեր՝ նկարչություն, երաժշտություն, դերասանական արվեստ: Շատ բարդ է ֆիլմ ստեղծելը, բայց շատ ծախսատար է, շատ բարդ է կազմակերպչական ժամանակի առումով: Եթե թատրոնն ու կինոն համեմատենք, թատրոնը բեմադրություն է, որ ինքը անում է իր տարածքում, իր բեմի վրա, իր ռեսուրսներով, իսկ կինոարտադրությունը լավագույն դեպքում տևում է երեք տարի: Շատ բարդ է, դրա համար կուզեի ավելի մեծ ուշադրություն դարձվեր կինոարտադրությանը: Ինչքան էլ այսօր փորձում են դժգոհել, դա սխալ մոտեցում է, քանի որ ես վստահ ասում եմ, որ վերջին 4 տարիներին մենք ունեցել ենք հաջողություններ լուրջ միջազգային հարթակներում», - ասաց Շուշանիկ Միրզախանյանը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին Հայաստանը հեռավար իր մասնակցությունն է ունեցել Կաննի կինոշուկային, իսկ առաջիկայում հույս ունեն մասնակցել մեկ այլ հանրահայտ՝ Բեռլինի փառատոնի կինոշուկային։