Մատչելիության հղումներ

Ադրբեջանին առնչվող գործի շրջանակներում ՀԴԲ-ն խուզարկել է կոնգրեսական Քյուերարի բնակարանն ու ընտրական շտաբը


 Տեքսասից ընտրված կոնգրեսական Հենրի Քուայար, արխիվ։
Տեքսասից ընտրված կոնգրեսական Հենրի Քուայար, արխիվ։

Ամերիկայի Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախօրեին խուզարկել է Տեքսասից ընտրված կոնգրեսական Հենրի Քյուերարի բնակարանը և ընտրական շտաբը լայնածավալ մի գործով, որի հետքերը տանում են դեպի Ադրբեջան, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Կոնգրեսականից բացի, գործում ներգրավված են նաև մի քանի ամերիկացի գործարարներ, որոնք կապեր ունեն հետխորհրդային այդ երկրի հետ», - նշում է ամերիկյան NBC News-ը՝ հղում անելով քննությանը մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյայի:

ABC NEWS֊ն իր հերթին հաղորդում է, որ այս գործով հետաքննությունը վարում է Վաշինգտոնի դաշնային դատախազներից մեկը, սակայն հստակ չէ, թե արդյոք հենց տեքսասցի կոնգրեսականն է այդ քննության հիմնական թիրախը:

Քննությանը ներգրավված է նաև Արդարադատության նախարարության այն վարչությունը, որը զբաղվում է ընտրյալ պաշտոնյաների ու կոռուպցիային առնչվող գործերով, հաղորդում է CNN-ը: Հայտնի է նաև, որ խուզարկության օրդերը տրվել է դատարանի կողմից:

Ըստ ականատեսների, Քյուերարի տուն ու գրասենյակ են եկել Հետախուզությունների դաշնային բյուրոյի ավելի քան տասը աշխատակիցներ, որոնք նաև թղթապանակներ ու որոշ իրեր են առգրավել, այդ թվում`համակարգիչ: Դրանից հետո կոնգրեսականի օգնականը հայտարարել է, թե Քյուերարը պատրաստ է լիովին համագործակցել իրավապահների հետ:

«Նա պատրաստակամ է երաշխավորել, որ արդարությունն ու օրենքը գերակայեն», ֊ հայտարարել է նրա գրասենյակը:

66-ամյա Քյուերարը դեմոկրատ է, Կոնգրեսում է արդեն ավելի քան 15 տարի, ընտրվել Տեքսասի` Մեքսիկայի հետ սահմանակից շրջաններից: Սակայն, լրատվամիջոցները, խոսելով նրա քաղաքական ու օրենսդիր գործունեության մասին առաջին հերթին առանձնացնում են մեկ այլ փաստ. վերջին տարի երին նա եղել է Ադրբեջանի հարցերով կոնգրեսական հանձնախմբի ղեկավարը, և պարբերաբար հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում`Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ, նշում է ABC news-ը:

2013-ին, օրինակ, վերադառանալով Ադրբեջան կատարած անցից, Քյուերարը Կոնգրեսում հայտարարել էր. - «Ինչպես մենք Տեքսասում, ադրբեջանցիները ևս նավթի հարուստ պաշարներ ունեն, և այն հասցնում են արևմուտք` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը: Ադրբեջանը լրացնում է Իսրայելի էներգակիրների պահանջարկի մոտ կեսը։ Հորդորում եմ իմ գործընկերին ուշադիր լինել այդ աճող տնտեսության հանդեպ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձանագրում է, որ կոնգրեսական դառնալուց հետո մինչև վերջերս, Քյուերարը նաև ակտիվ հանդիպումներ է ունեցել ադրբեջանական ու թուրքական լոբբինգով զբաղվող կազմակերպությունների հետ:

Թե կոնկրետ ինչ կապ ունի նրա այս գործունեությունը այժմ ընթացող քննության հետ և նրանից բացի ինչ գործարարներ են ներգրավված, չի հաղորդվում: Հետախուզությունների դաշնային բյուրոն առայժմ հրաժարվում է հավելյալ մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG