Արցախում քննարկում են սահմանադրական փոփոխություններով նախագահական համակարգից հրաժարվելու և կիսանախագահականին վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին «Ազատությանը» այսօր հայտնեցին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իշխող և ոչ իշխանական ամենամեծ խմբակցությունների ղեկավարները։
Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ստեփանակերտում երեկվա հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի ղեկավարը խոսել է Սահմանադրության հնարավոր փոփոխությունից։
«Պետական ինստիտուտների՝ ավելի արդյունավետ և նոր խնդիրներին ու մարտահրավերներին համահունչ դիմակայելու համար քաղաքական շրջանակների կողմից կա առաջարկություն Մայր օրենքում որոշ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը», - կարդում ենք հաղորդագրությունում։
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով, աշխատանքային խումբը կստեղծվի մի քանի շաբաթից, ներառված են լինելու խորհրդարանական բոլոր հինգ խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ, սահմանադրագետներ և այլոք. - «Նպատակ կա կատարման համակարգի ձևափոխման, այսինքն՝ համապատասխանեցնել այսօրվա մեր իրականությանը։ Այս պահի դրությամբ կոնկրետ չկա որոշված, թե կառավարման համակարգը որն է լինելու։ Ամբողջությամբ նախագահական կառավարման համակարգը այսօր չի համապատասխանում հետպատերազմյան մեր այսօրվա իրողություններին, քանի որ այսօրվա մեր Սահմանադրությամբ ամբողջ պետական կառավարման համակարգը կախված է նախագահական ինստիտուտից։ Այսինքն՝ նախագահի հրաժարականի դեպքում Ազգային ժողովը պիտի լուծարվի, կառավարությունը պետք է հրաժարական տա, այսինքն՝ ամբողջությամբ պետական համակարգը լուծարվում է»։
Արցախի ներկայիս Սահմանադրությունը երկրորդն է, ընդունվել է 2017 թվականի փետրվարին հանրաքվեի միջոցով, որի հիման վրա էլ Լեռնային Ղարաբաղը կիսանախագահական կառավարման համակարգից դարձավ նախագահական։
Օրինակ, հինգ տարի ժամկետով ընտրվող Արցախի նախագահը, ըստ գործող մայր օրենքի, և՛ պետության, և՛ գործադիր իշխանության գլուխն է, ղեկավարում է ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը, նշանակում և ազատում է պետական նախարարին, նախարարներին, կառավարում է պետական սեփականությունը, ֆինանսական միջոցները և այլն։ Արցախում վարչապետ չկա, նրա գործառույթը փաստացի կատարում է պետնախարարը։
Ուշագրավ է, որ Արցախի և՛ առաջին Սահմանադրությունը, որը դարձյալ ընդունվել էր հանրաքվեի միջոցով 2006թ. դեկտեմբերին, և՛ երկրորդը ընդունվել են Հայաստանի սահմանադրության համապատասխանաբար առաջին ու երկրորդ փոփոխություններից ընդամենը մեկ և երկու ամիս անց։
Արթուր Հարությունյանի կարծիքով, այս պահին «առաջին հայացքից ամենահարմարը կիսանախագահականն է». - «Կառավարության ղեկավարը լինի այլ մարդ, երկրի ղեկավարը՝ այլ, օրենսդիրը՝ այլ, այսինքն՝ տարանջատվեն այդ բոլոր իշխանության ճյուղերը»։
«Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցի խոսքով, արդեն ապրիլին նախատեսվում է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը կմշակի Սահմանադրության փոփոխության կետերը։
«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ գրեթե բոլոր ուժերի կարծիքով, հարկավոր է անցնել կիսանախագահական կառավարման. - «Մեր կողմից միշտ էլ ընդգծված այդ պահանջը, պայմանը ներկայացվել է, և կարծում ենք, որ առավել ևս այսօրվա իրավիճակում դա ամենաէֆեկտիվ ղեկավարման կառույցն է»։
Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել փոխել կառավարման համակարգը, նախագահականից անցնել կիսանախագահականի, Բաղունցը պատասխանեց. - «Եթե փորձեմ շատ կարճ ասել, ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրավիճակում կոլեկտիվ պատասխանատվության խնդիրն է»։
Արթուր Հարությունյանի կարծիքով, սահմանադրական փոփոխություններն Արցախում հանրաքվեի կդրվեն, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարի։