Արցախում նախատեսվում է ստեղծել Հանրային խորհուրդ, նաև հնարավոր են սահմանադրական փոփոխություններ: Այս հարցերն այսօր Արցախի նախագահը քննարկել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Արցախի հանրային խորհուրը լինելու է ապաքաղաքական մարմին, ձևավորվելու է հասարակական հատվածի ներկայացուցիչներից և միտված է լինելու պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը, հաղորդում է նախագահի աշխատակազմը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը:
Նախագահը շեշտել է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի անկախության միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման կուրսի շրջանակներում։