Մեզ հանդիպած քաղաքացիներից միայն մեկ տղամարդ չգիտեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի նոր մեգանախագծի մասին. «Պետք է կարողանանք Հայաստանում ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը»:
Ծառուկյանն անձամբ հայտարարեց իր մտադրության մասին՝ երեք օր առաջ. «Այս տարի հիմքը դնելու եմ և կարողանանք ամբողջ աշխարհին ի ցույց, որ առաջին քրիստոնյա ազգն ենք և ամենաուժեղը, հզորը, զորեղը, բարձը»:
Փրկչի արձանը 33 մետր բարձրություն պիտի ունենա, պատվանդանը շատ ավելի՝ 2-3 անգամ բարձր. «33 մետր լինի միայն արձանը՝ իր ապրած տարիքը, իսկ մնացածն արդեն մենք կնայենք՝ կլինի 65 մետր, 77, որը ըստ նախագծերի, ըստ չափերի պետք է պահապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին»:
Հայաստանի ամենաբարձրադիր գոտուց՝ Քրիստոսի արձանը դուրս է բերելու հայ ժողովրդին հուսահատության թմբիրից, խոստանում է Ծառուկյանը:
Քաղաքացիների մի մասը թմբիրից դուրս գալու այս հնարավորությանը հավատում է, մի մասն էլ թմբիրից դուրս կգար, եթե թանկարժեք այս ծրագրի գումարները բանակին ուղղվեր։
«Պիտի թույլ չտան, որ ինքը դնի Քրիստոսի արձանը», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Կարծում եմ՝ ավելի լավ ա, որ մտածի էս իրավիճակի մեջ մեր բանակի մասին», - նշեց մեկ այլ քաղաքացի:
«Եթե մարդն ունի գումար, և ցանկանում է արձան դնել, շենք կառուցել, դա իր անձնական մոտեցումն է՝ իր գումարները ինչպես կտնօրինի», - ասաց հարցվածներից մեկը:
Ծառուկյան բարեգործական հիմնադրամից տեղեկացրին՝ առայժմ պարզ չէ, թե որտեղ է տեղադրվելու արձանը, ուսումնասիրության փուլում են՝ բարձրադիր գոտին պարտադիր է: Երևանը և Կոտայքի մարզը ի սկզբանե բացառում են: Այժմ շատ ակտիվ հայտեր են ընդունում քանդակագործներից:
«Երբ ես իմացա, իրոք ոգևորվեցի, քարի որ Քրիստոսն արդեն իմ մեջ արմատավորված է», - ասաց Նկարիչների միության անդամ Արտուշ Պապոյանը:
ԽՍՀՄ ու Հայաստանի նկարիչների միության անդամ Արտուշ Պապոյանը՝ քանդակագործ որդիների հետ արդեն ուղարկել է իր պատկերացրած նախագծերը: Էլ ո՞վ, եթե ոչ ինքը. Սիրիայի Սեյդնայա քաղաքից ոչ հեռու, Խերուվիմով լեռան գագաթին կանգնած Քրիստոսի բրոնզաձույլը իր ձեռքի գործն է՝ 12 մետր , մոտ 19 տոննա: Ծառուկյանի այս նախագծով ոգևորված է:
«Քրիստոսին հենց ընենց չեն դնում, Քրիստոսը, որ դրվում է, ուրեմն կոմունիկացիաներ կլինեն, տուրիզմը կզարգանա, տուրիզմը զարգացավ, բյուջեն կլցվի, էդ հարցերը կամաց-կամաց իրանց տեղը կընկնեն», - նշեց Արտուշ Պապոյանը:
«Փորձել ենք ոչ թե սովորական, հերթական 33 մետրանոց Քրիստոս անել, այլ իրանից շատ ավելի մեծ համաշխարհային արվեստի մեջ մշակութային արժեք ներկայացնող մի հատ գործ ունենանք», - նշեց քանդակագործ Հովհաննես Պապոյանը:
Հայր ու որդի Պապոնյանները Քրիստոսի արձանի իրենց երկու նախագծերի վերաբերյալ շատ բան չեն բացահայտում, ասում են, որ Սիրիայի արձանին նման կլինեն միայն փրկչի դիմագծերը:
«Քրիստոսը մեկն է, տարբեր չի, իմ պատկերացմամբ՝ արդեն էդ է Քրիստոսը», - ասաց Նկարիչների միության անդամը:
Ծառուկյանի այս նախագիծը ոչ մի կերպ չի ողջունում Հայ առաքելական եկեղեցին, ճիշտ է պաշտոնական տեսակետ Մայր աթոռը դեռևս չի տարածել, սակայն երկու օր է հոգևորականները հիմնավորում են թե ինչու է անտեղի արձանը:
«Եկեղեցական ճարտարապետության կամ մշակույթի մեջ, եթե դուք տեսնեք՝ արձաններ գոյություն չունեն և երբևիցե չեն եղել, մեր եկեղեցում ավելի շատ օգտագործվում են հարթաքանդակները», - նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյան:
Տեր Եսայի քահանան շեշտում է՝ Մայր աթոռի հետ որևէ նախնական քննարկում չի եղել, հայ եկեղեցին արձանների մշակույթ ու ավանդույթ չունի։ Քանդակագործ Պապոյանը կռիվ ունի այս մոտեցման հետ, ասում է՝ եկեղեցու ավանդապաշտությունը մոլեռանդության է հասնում այս հարցում, դե թող քահանաներն էլ ոչ թե բջջայինով խոսեն միմյանց հետ, այլ հրովարտակներով:
«Եթե ավանդապաշտությամբ գնանք, ուրեմն էսօր մեր հոգևորականները «Բենթլի»-ով չպիտի ման գան, այլ ոտքով պիտի ման գան կամ ես ինչ իմանամ՝ ինչ տրանսպորտով», - նշեց Պապոյանը:
Քանդակագործի զայրույթը մի հին հիմք էլ ունի՝ տարիներ առաջ նա Տիրամայր էր քանդակել, ասում է ՝ Մայր աթոռի պնդմամբ Տիրամոր լուսապսակը հանեց, անունը Հայուհի դրեց: Արտուշ Պապոյանը չի ընդունում նաև քաղաքացիների շրջանում սկսված քննարկումները, թե Ծառուկյանը լավ կաներ այդ գումարով ավելի կենսական հարցեր լուծեր։ Հայաստանում երբեք լավ չի եղել, հիշեցնում է:
Պապոյաննները բրոնզաձույլ Քրիստոսին արդեն տեսնում են՝ տեղը դեռ պարզ չէ, ասում են, գուցե Սևանի կողմերում կամ Ամասիայում՝ կարևորը կոմունիկացիա լինի դեպի նա: