Մատչելիության հղումներ

Իմ ներդրումը մեր երկրի կայացման գործում կարող եմ ունենալ տարբեր կարգավիճակներում. Արսեն Թորոսյան


Իմ ներդրումը մեր երկրի կայացման գործում կարող եմ ունենալ տարբեր կարգավիճակներում, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

Օգտատերերի հարցին՝ «չնայած ձեր բոլոր ջանքերին, որ ուզում եք վերադառնալ առողջապահության նախարարի պաշտոնին, կարծես քաղաքական թիմում, հատկապես ղեկավար կազմում այդպիսի տրամադրվածություն չկա», Թորոսյանը պատասխանեց, որ կառչած չէ իր որևէ կարգավիճակից:

«Կարծում եմ, որ իմ ներդրումը մեր երկրի կայացման գործում կարող եմ ունենալ տարբեր կարգավիճակներում և այնպես էլ չի, որ իմ ամբողջ կյանքում լինելու եմ Ազգային ժողովի պատգամավոր», - հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, Թորոսյանն ասաց. «Հույս ունեմ, որ մեր գործընկերները կվերանայեն իրենց մոտեցումը և մենք առիթ չենք տա մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ այդ տեսարանները դիտել»:

«Ազգային ժողովի կազմավորումից ի վեր մեր անընդհատ հանդես ենք եկել կոչով՝ լինել որավորանքներից, որակումներից զերծ, մարդկանց արժանապատվությանը զերժ ոճի մեջ, չօգտագործել բառեր, որոնք կվիրավորեն ԱԺ դահլիճում ներկա կամ բացակա որևէ մեկին և նույն կերպ կվարվեինք մենք, բայց երբ որ տեսնում ենք այդպիսի վարքագիծ երբեմն մարդկանց նյարդերը տեղի են տալիս, ինչը վատ է», - նշեց Թորոսյանը:

Դիտարկմանը, որ «ընդդիմությունն էլ ասում է՝ դուք եք սադրում», Թորոսյանը պատասխանեց. «Ասելը և իրականությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունենում, ասելով չի, բոլորը տեսնում են՝ ինչպես է օդից մի թեմա վերցնում և մարդուն հանիրավի մեղադրում Թուրքիայի գործակալ լինելու մեջ, իսկ միգուցե մեր բոլոր գործընկերների անունները ես հատ-հատ տամ ամբիոնից ու ասեմ՝ միգուցե Ագնեսա Խամոյանը Թուրքիայի գործակալ է ու տենց բոլորի անունները հերթով տամ: Ինձ թվում է պետք է դուրս գալ այդ ոճից»:

Օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ են սահմանափակումները միայն չպատվաստվածներին վերաբերում, եթե պատվաստված մարդը հիվանդանում է նույնկերպ, ինչ չպատվաստվածը, Թորոսյանը պատասխանեց. «Պատվաստված քաղաքացիները նույն կերպ չեն հիվանդանում, ինչպես չպատվաստված քաղաքացիները: Պատվաստված քաղաքացիները հիվանդանում են տասնապատիկ ավելի քիչ, ծանր վիճակի են հասնում կրկին տասնապատիկ անգամ քիչ և կրկին մահանում են տասնապատիկ անգամ քիչ դեպքերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG