Նախագահ Արմեն Սարգսյանը և
ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:
Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը, փոխանցում է նախագահականը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նրանք նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար:
ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում: