Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմից հետո Երազգավորս վերադարձած Երանոսյանները ընտանեկան նոր տնտեսություն են հիմնել


Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Շիրակի մարզից Արցախ տեղափոխված Երանոսյանների ընտանիքը 44-օրյա պատերազմի հետևանքով կրկին ստիպված վերադարձել է հայրենի Երազգավորս գյուղ։

Ավելի քան երկու տասնամյակ մանկավարժների ընտանիքը Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղում էր բնակվել, պատերազմը, սակայն խլեց ոչ միայն Արտուշ Երանոսյանի ղեկավարած համայնքը, այլ նաև ավագ որդուն՝ Գարեգինին, որը զոհվեց Ջաբրայիլում, զինվորական եղբոր ձեռքերի մեջ։

«Նրանք վեց հոգով գալիս են, վաշտի հրամանատարի հետ փրկվում են, տեսնում է, որ եղբայրը վիրավոր է։ Վերցնում են մի 300 մետր տեղափոխում են, եղբայրը շունչը փչում է, հոգին տալիս է եղբոր գրկի մեջ։ Թուրքերը գալիս են, որ իրանց էլ շրջափակման մեջ գցեն, իրենց վաշտը ընկած է եղել շրջափակման մեջ, ես չեմ ասում, թե անպայման միայն տղաս է այնտեղ կռվել, բայց կռվել է մինչև վերջ, որպեսզի իրենց վաշտը փրկվի», - պատմեց Արտուշ Երանոսյանը։

Գարեգինը մասնակցել էր նաև 2016-ի ապրիլյան քառօրյային։ Մայրը՝ տիկին Վարդուհին, վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 3-ին: Սահմանապահ զորքերում ծառայած որդին հորդորել է դուրս գալ գյուղից:

«Առավոտյան ինձ ասում է՝ «մամ, դուրս եկեք», ասացի՝ չէ, ես մնալու եմ։ Իրիկունը զանգեց, ժամը 9-ի կողմերը, ասի՝ ի՞նչ կա, բա՝ «մամ, լավ եմ», ասի գիշերը կզանգես, ասեց՝ «չէ, զարյադկաս մնա, որ առավոտյան զանգեմ», առավոտը էլ չզանգեց», - պատմեց մայրը։

Թողել են 21 տարվա ընթացքում ստեղծած տունն ու տեղը, տնտեսությունն ու դատարկաձեռն վերադարձել Երազգավորս: Տիկին Վարդուհին ասում է՝ ապրուստը կորցնելու մասին չի էլ մտածում. «Հիմա էդ ամեն ինչի մասին չեմ էլ հիշում, որովհետև երբ մտնում ես տուն, նկարներն ես տեսնում, հիշում ես ում ես կորցրել, այսինքն՝ կյանքիդ իմաստը, էլ ոչ մի բան աչքիդ առաջ չի գալիս»։

Տանը Գարեգինի անունով անկյուն կա, որտեղ նկարներն են, զինվորական որդու մասին հրապարակված հոդվածներն ու մեդալները:

Գարեգինի հագին եղած զինվորական համազգեստն են պահում նաև զոհվելուց հետո նրա գրպանից գտած զինվորական գրքույկը, հեռախոսը ու մեկ փամփուշտ:

Գարեգինի դին գտնվել է զոհվելուց 80 օր անց և հուղարկավորվել Երազգավորս գյուղում: Հայրը որդու գերեզմանի հարևանությամբ Շիրակի մարզում զոհված զինվորների պանթեոն է հիմնել.- «Ծրագրեր կան հետագայում ընկերներիս շնորհիվ մի փոքրիկ եկեղեցի կառուցել այստեղ»։

Չնայած որդուն ու ամբողջ ապրուստը կորցնելուն, Երանոսյանները պետության ու հասարակական կազմակերպությունների օգնությամբ ընտանեկան նոր տնտեսություն են հիմնել ու արդեն ընդլայնելու պլաններ ունեն։

«Տնտեսությունը, որ ստեղծվել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության կողմից է ստեղծվել, այստեղ ծրագիր են մշակել՝ գոմը սարքեմ՝ թռչնապահություն, խոզապահություն զարգացնեմ, ունեմ հողեր, որ թողել գնացել ենք, էդ հողերը հնարավորության սահմաններում պետք է այգի դնել, մարդը չպետք է ընկճվի, հույսը մեռնում է վերջում, միշտ էլ թունելի վերջում լույս է երևում, պիտի ապրենք, դիմանանք հանուն մեր թոռների», - ասաց Արտուշ Երանոսյանը։

Արտուշ Երանոսյանը պատրաստվում է առաջիկայում Արցախ մեկնել, բայց այս անգամ ոչ թե բնակվելու, այլ արցախյան նռան տնկիներ բերելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG