Չինաստանում՝ Ցզյանսու նահանգի Վուքսի քաղաքում, հանդիպել են Չինաստանի և Իրանի արտգործնախարարներ Վան Ին և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը: Երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հարցերը:
Վան Ին ասել է, որ Չինաստանը ցանկանում է իրականացնել Իրանի հետ կապն ամրացնելու, գործողությունները համակարգելու և առաջիկա 50 տարվա կտրվածքով ռազմավարական համագործակցության ծրագիրը զարգացնելու աշխատանքը:
Այդ ծրագրի շուրջ ավելի վաղ պայմանավորվել են երկու պետությունների նախագահներ Սի Ծինպինը և Էբրահիմ Ռայիսին:
Նախարար Աբդոլլահիանն Իրանի նախագահի անունից ասել է, որ Թեհրանը միանշանակ աջակցում է ազգային շահերը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը և սատարում է «Մեկ Չինաստան» սկզբունքը:
Նրա խոսքով, Իրանը բարձր է գնահատում և ակտիվորեն մասնակցում է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը:
Աբդոլլահիանն ասել է նաև, որ Թեհրանը ողջունում է Պեկինում Ձմեռային օլիմպիադայի անցկացումը: