Հայկական հնչյունները դյութել են միջազգային ժյուրիին և Անգլիայում կայացած Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնում Հայաստանը ներկայացնող քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։
115 երկրի 3950 մասնակից և «Գրան-պրի» մրցանակը հասավ հայ քանոնահարուհուն։ Սա նաև ռեկորդ է, քանի որ նույն մրցույթում, երաժշտի պատմելով, երբևէ այսքան մասնակից չի եղել։
«Իմ տարում Հայաստանի միակ ներկայացուցիչը ես էի եղել, ով անցել էր: Իմ համար շատ ուրախալի էր մասնակից լինել նման համաշխարհային մրցույթի քանոն նվագարանով: Շատ հետաքրքիր է օտար ազգին ներկայացնել քո ազգային նվագարանը, քո ազգային մեղեդին, որովհետև ամբողջ աշխարհում դու ոչ մեկի ոչնչով չես կարող զարմացնել», - նշեց Գևորգյանը՝ շարունակելով, - «մասնակցում էին վաստակավոր արտիստներ, ժողովրդական արտիստներ, մեր հարևան պետությունները ևս մասնակցում էին՝ Ադրբեջան, Թուրքիա: Միակ քանոնահարը ես էի և իմ համար ուրախալի էր, որ օտարազգի ներկայացուցիչները, որ իրենք էլ ունեն իրենց ազգային դիմագծով քանոն նվագարան, չէ, որ գործիքը արևելյան է, ուղղակի յուրաքանչյուրինս համապատասխանում է մեր երկրին, մեր նվագելաոճին: Իմը հայկական քանոն է, ես նվագում եմ հայկական տեխնիկայով»:
Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը նաև 30-ից ավելի ծրագրերի հեղինակ է։ Համավարակի ընթացքում սահմանների փակ լինելը խոչընդոտ էր միայն տեղաշարժվելուն, բայց ոչ ստեղծագործելուն։ Միջազգային առցանց նախագծերի արդյունքում ազգային նվագարանների երկխոսությունների մի շարք է իրականացրել։
«Ճապոնացի, իտալացի, հնդիկ, չինացի երաժիշտներ միացան, ու գիտե՞ք որն էր հետաքրքիրը, Սենեգալից, ԱՄՆ-ից, Անգլիայից, բոլորը իրենց ազգային նվագարաններով, բոլոր գործիքները գրեթե կարողացա ներառել, որովհետև իսկապես շատ հետաքրքիր էր իրենց գործիքների հետ համադրությունը քանոններով, և իրենք նվագում էին Սայաթ-Նովա, Կոմիտաս: Խնդիրը դրված էր այսպես, որ միայն հայկական երաժշտություն պետք է հնչի», - ներկայացրեց քանոնահարուհին՝ ընդգծելով, - «շատ դժվար էր, իհարկե, իրականացնել նախագիծը, որովհետև այլ բան է, երբ որ իրական հարթակում դու ունես հնարավորություն արտիստների հետ շփվելու, իսկ մեկ այլ բան է օնլայն հարթակում իրենց սովորեցնել, այն էլ երբ որ ճապոնացի աղջիկ կար, որ նվագում էր մակոտո գործիք, որը շատ հետաքրիր էր, և ինքը չէր հասկանում ոչ մի լեզու: Նման խնդիր առաջացավ նաև չինացի երաժիշտների հետ, որ իրենք միայն խոսում էին չիներեն, շփումը միայն կայանում էր երաժշտության լեզվով»:
Արդեն 10 տարի «Տաղարան» երաժշտության համույթի մենակատարը մի քանի օրից՝ հունվարի 19-ին համերգով է հանդես գալու Կամերային երաժշտության տանը՝ պետական կամերային նվագախմբի հետ։ Նկատում է՝ նախկինում էլ թեև համերգներն անցում էին լեփ-լեցուն դահլիճներում, այդուհանդերձ, միջազգային ասպարեզում բարձր գնահատակի արժանանալուց հետո զգում է՝ այս օրերին իր անվան շուրջ աժիոտաժն ավելացել է։ Մինչդեռ երաժշտի կարծիքով՝ շատ ավելի լավ կլիներ, եթե հայ արվեստագետներն առաջին հերթին գնահատվեին սեփական երկրում. - «Երևի ուղղակի պրոպագանդում պետք է լինի, մենք մերը չենք գնահատում»:
Նոր մրցույթներ, նոր համերգներ, նոր նախագծեր տարվա ընթացքում շատ կլինեն։ Հաջողության կեսը աշխատանքը, համբերությունը, նվիրումն է սիրված գործին, ասում է երիտասարդ քանոնահարուհին, որ պատրաստ է յուրաքանչյուր առիթով մի կտոր սեր երաժշտության միջոցով փոխանցել դրա կարիքն ունեցողին: