Մատչելիության հղումներ

Մորն ու դստերը տանը մահացած են գտել. ՔԿ-ի նախնական վարկածով՝ շմոլ գազից են թունավորվել    


Մասիս քաղաքի Կայարան թաղամասի տներից մեկում տանտիրուհուն ու նրա դստերը երեկ մահացած են գտել։ Դեպքը տեղի է ունեցել երկհարկանի շենքի բնակարաններից մեկում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով` 47-ամյա մայրն ու նրա 27-ամյա դուստրը շմոլ գազի արտահոսքից են թունավորվել, մահացել։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Աննա Մուրադյանի ու դստեր՝ Արփինե Ենգոյանի մարմինների վրա բռնության հետքեր չեն եղել։

«Ամենայն հավանականությամբ գազի արտահոսք է եղել, և պատահարը տեղի է ունեցել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասաց ՔԿ խոսնակը:

Իրավապահներն այլ մանրամասներ չեն հայտնում։ Մանրամասներ չցանկացան պատմել նաև մահացածների հարազատները։ Հարևաններն էլ ողբերգական լուրից դեռ ուշքի չեն գալիս։ Հարևանուհին պատմեց՝ ամուսինը կեսօրից հետո աշխատանքից տուն է վերադարձել ու կնոջ ու դստեր դիերը հայտնաբերել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մոր ու դստեր մահվան հանգամանքները պարզվում են։ Մինչ իրավապահները կբացահայտեն ողբերգության պատճառները, Սպառողների խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Չիլինգարյանն ասում է՝ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատահարների հիմնական պատճառն այն է, որ սպառողները անջատում են գազի անվտանգության սարքը։

«Դա բոլոր տներում է տեղադրված, նման խնդիր լինում է, երբ որ սպառողը ինքը խախտում է անում, այսինքն` անջատում է այդ սարքը, այդ պատճառով, եթե արտահոսք է լինում, պարզ է` անջատող սարքը չկա, չի աշխատում այդ պահին, և թունավորում է տեղի ունեցել: Մեր երկրում այդպիսի ինչքան դեպքեր եղել են, հիմնականում դրա հետ է կապված եղել, որ սարքավորումն անջատված է եղել», - ասաց նա:


Գազ սպառողների բնակարաններում պարտադիր տեղադրված է անվտանգության սարքը։ Բայց, ըստ Չիլինգարյանի, շատերը ազդանշանի ձայնից նյարդայնանում են ու անջատում են։ Սարքի ազդանշանը հնչում է չնչին արտահոսքի դեպքում, անգամ գոլորշուն ու ծխին է արձագանքում. «Սարքը զգայուն է, ինչ-որ ձայն է հանում, վերցնում, անջատում են, կամ եղել են դեպքեր, որ ուրիշ սարք են ուզեցել միացնել, այդ սարքը անջատել են, այդպես մոռացել են»:

Իհարկե, քննությունը կպարզի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգական պատահարը, բայց այսպիսի դեպքերը պետք է ավելի զգոնացնեն քաղաքացիներին, ասում է Կարեն Չիլինգարյանը։ Անվտանգության սարքերը պետք է միշտ միացած լինեն. «Սպառողները միշտ անտեսում են, ուշադրություն չեն դարձնում, կարծում են, թե իրենց հետ չի պատահի, բայց ցավոք սրտի, դեպքը պատահում է, նոր են իմանում, որ դա է խնդիրը»:

Շմոլ գազի արտահոսքից թունավորման հարյուրավոր ահազանգեր են ստանում Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Անցած տարի Հայաստանում շմոլ գազի արտահոսքի հետևանքով ութ մարդ է մահացել։ 750 քաղաքացի տուժել է, 176-ը՝ Երևանում, մյուսները` մարզերում, «Ազատությանը» փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակը։ Ընդ որում, 2020 թվականի համեմատ` 21-ին մահվան դեպքերը 3-ով ավելի են, իսկ տուժածներինը` ավելի քան 200-ով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG