Ռուսական ռազմուժի ղեկավարությամբ Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի տեղաբաշխման և Ուկրաինայի շուրջ ռուսական զինուժի կուտակումների ու չդարարող լարվածության ֆոնին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ 2022-ը պետություններից միություններ ստեղծելու տարի է լինելու։
Այս հունվարի 7-ին՝ ուղղափառ քրիստոնյաների մոտ նշվող Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Մինսկում այցելելով եկեղեցի՝ մոտ քառորդ դար Ռուսաստանի հետ միութենական պետություն կառուցող Բելառուսի անփոփոխ նախագահը նաև ընդգծել է՝ պետք է ամեն ինչ անել Ուկրաինան վերադարձնելու համար։
«Ձեզ պետք է ասեմ, որ այս տարին դյուրին չի լինի։ Աշխարհը լրջագույն ձևով կփոխվի։ Աշխարհը կփոխվի միությունների կազմում ժողովուրդների ու պետությունների միավորման առումով։ Այնպիսի երկրների համար, ինչպիսին մերն է, ոչ թե դժվար, այլ անհնար կլինի միայնակ ողջ մնալը։ Ուստի, ես որդեգրել եմ ամենակոշտ գիծը՝ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար, որպեսզի մենք պետություն լինենք, բայց մենք սերտ կապի մեջ լինենք մեր մոտ ընկերների ու եղբայրների հետ։ Դրանք ովքե՞ր են... Ռուսաստանն է, Ղազախստանն է, Ուկրաինան է։ Կարևոր չէ, թե ինչ է այնտեղ այսօր կատարվում, այնտեղ ժողովուրդը անսահման կերպով ընչազուրկ է դարձել։ Այդպես չի կարող երկար շարունակվել, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերադարձնենք Ուկրաինան մեր իրական հավատի ծոցը», - նշել է Լուկաշենկոն։
2020 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ժողովրդական լայնածավալ հուզումներից նկատելիորեն թուլացած Լուկաշենկոն անցած տարի նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեց ռուս-բելառուսական միութենական պետության պայմանագրի դրույթները կյանքի կոչելու 28 կետից բաղկացած հայտնի փաստաթուղթը, ինչը մտահոգության առաջացրեց հատկապես Բելառուսում՝ կապված երկրի ինքնիշխանության հետագա պահպանման հետ։
Շարունակելով թեման՝ Մինսկի եկեղեցում Լուկաշենկոն խոսեց նաև ղազախական վերջին իրադարձություններից՝ նշելով, որ ՀԱՊԿ զորախմբի կազմում Բելառուսը մեկ վաշտ է ուղարկել Ղազախստան. «Ղազախստանը. դա փորձ է գրոհել հետխորհրդային երկրները Ռուսաստանի պարագծով։ Նրանց պետք է Ռուսաստանը խեղդել արյան մեջ։ Կրկնում եմ, եթե Ռուսաստանը փլուզվի, մենք անգամ չենք նկատի, թե ուր կհայտնվենք։ Ուղղակի, մեր վրայով կքայլեն-կանցնեն, ինչպես ես եմ ասում՝ աղացաքարում կաղան և դուրս կթքեն։ Ուստի, ինչ էլ արժենա, մեզ հարկավոր է պահպանել մեր քաղաքակրթության կենտրոնը, մեր ուղղափառության կենտրոնը և ոչ միայն... այն հողերը, որ այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում»։
Սակայն միութենական պետության մասին միայն Բելառուսի նախագահը չէ պարբերաբար խոսում։ Հատկապես Խորհրդային Միության փլուզման երեսուներորդ տարեդարձին՝ անցած տարի, միութենական պետության մասին բազմիցս արտահայտվել են նաև Ռուսաստանի ղեկավարները։
Օրինակ, անցած տարվա նոյեմբերին Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպմանը, որին մասնակցում էին ԵՏՄ անդամ հինգ երկրների վարչապետները, Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հարկ համարեց խոսել նաև ռուս-բելառուսական միութենական պետության մասին։
«Վերջերս մենք կարևոր փուլ անցանք՝ ռուս-բելառուսական ինտեգրացիայի ճանապարհին։ Հաստատվեցին միութենական պետության ստեղծման պայմանագրի դրույթների կյանքի կոչման հիմնական ուղղությունները և միութենական 28 ծրագրեր։ Վստահ եմ, որ փոխգործակցության նոր ձևաչափերը, որոնք ստեղծում ենք Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիային առընթեր, պահանջված կլինեն նաև Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Միշուստինը։
Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ նաև Հարավային Կովկասում, հնարավո՞ր է պաշտոնական Երևանը նոր մոտեցում ունի ռուս-բելառուսական միության վերաբերյալ։ Արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգը։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանին այսօր «Ազատությունն» ուղիղ հարցրեց՝ տեսնո՞ւմ է Հայաստանը միութենական պետությունում:
«Ես տեսնում եմ, որ Հայաստանը պետք է ամեն օր ամրացնի իր ինքնիշխան կարողությունները», - պատասխանեց Քոչարյանը:
Հայաստանի ընդդիմադիր դաշտում դժվարանում են հստակ կարծիք ձևակերպել երկրի ինքնիշխանության հարցի վերաբերյալ։ Տասը տարի Հայաստանը ղեկավարած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության փաստացի ղեկավարն է, ընդամենը վերջերս՝ անցած հոկտեմբերին, խուսափեց միանշանակ ասել՝ իր համար բացարձակ ու անսակարկելի արժե՞ք է Հայաստանի անկախությունը։
«Հիմա ես պատրաստ չեմ ձեր հարցին պատասխանել միանշանակ, ես կարծում եմ, մենք պետք է հասկանանք՝ մեր անկախությունը որքանով է վտանգված հիմա. զուտ անվտանգության տեսանկյունից իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու, միգուցե, կարիք ունենք», - պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը:
Ռուսաստանն ու Բելառուսը միութենական պետություն ստեղծելու պայմանագիրը և այդ պետության կանոնադրությունը (устав) ստորագրել են 1997-ին։