Մատչելիության հղումներ

Որևէ մեկը չի կարող ասել, թե Արման Թաթոյանը ունեցել է քաղաքական առնչություն ինչ-որ մի ուժի կամ անձի հետ. ՄԻՊ


«Որևէ մեկը չի կարող ասել, թե Արման Թաթոյանը ունեցել է քաղաքական առնչություն ինչ-որ մի ուժի կամ անձի հետ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

«Ես երբևէ որև քաղաքական ուժի, անձի հետ չեմ ունեցել քաղաքական աֆիլյացիա, որևէ մեկը չի կարող ասել, թե Արման Թաթոյանը ունեցել է քաղաքական առնչություն ինչ-որ մի ուժի կամ անձի հետ: Դա ուղղակի բացառված է, երբեք նման բան չի եղել: Ավելին, վերջերս՝ երևի մի քանի ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կառույցներից երկուսը՝ մեկը Վենետիկի հանձնաժողովը, մյուսը Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի համազեկուցողները: Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ Հայաստանի ՄԻՊ-ը առանցքային դերակատարում ունի երկրում մարդու իրավունքներին, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման հարցում: ԵԽԽՎ-ի համազեկուցողները հայտարարեցին, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ինստիտուցիոնալ հակակշիռ է երկրում գործադիր իշխանությանը», - հայտարարեց Թաթոյանը:

Անդրադառնալով հարցին՝ պաշտոնավարման ավարտից հետո պատրաստվո՞ւմ է միանալ որևէ քաղաքական թիմի, Թաթոյանն ընդգծեց, որ այս պահին նպատակահարմար չի համարում այդ մասին խոսել, քանի որ դա «կքաղաքականացնի այս կառույցը»:

«Ազատության» հարցին, իր կարծիքով, կարողացա՞վ մարդկանց ապացուցել, որ ՄԻՊ-ը անկախ է, այն դեպքում, որ օմբուդսմենին ուղղված մեղադրանքները հիմնականում նրանք էին, որ պաշտպանը չի արձագանքել ընդդիմության կողմից հնչող, օրինակ, սպառնալիքներին, բայց արագ արձագանքում էր, երբ իշխանական որևէ ներկայացուցիչ Ֆեյսբուքում մի բան էր գրում, Թաթոյանը պատասխանեց, - «Ես համոզելու խնդիր չունեմ, որովհետև նույն այդ սպանության սպառնալիքները, ես դրանով հայտարարություն եմ արել: Պաշտոնյաներին պաշտպանելու համար կան իրավապահ մարմիններ, կան դատարաններ, ես նույնիսկ մի անգամ ասել եմ՝ բավական է այդ գործառույթները վերագրեք Մարդու իրավունքների պաշտպանին, բա իրավապահներին ո՞վ է դիմելու»:

Թաթոյանն ընդգծեց՝ ատելության խոսքի հետ կապված իրականացրել են լայնածավալ իրազեկան աշխատանքներ՝ կանխարգելման համար:

«Այլ հարց է, որ պետությունն ինքը իր գործառույթներով որևէ ձևով մեր գործունեությունը չի ծառայեցնում դրա կանխարգելմանը: Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունը ընդհանրապես որևէ լուսաբանում չի անում, մեր հանրային իրազեկումները առհասարակ: Դրա համար ես այսօր հատուկ ձևակերպված, միջազգային վերլուծություններով պաշտոնական հարցադրումներով նամակներ եմ ստորագրել՝ հեռարձակողների խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և հեռուստաընկերության ղեկավարությանը», - նշեց օմբուդսմենը:

Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։ ՄԻՊ պաշտոնում առաջադրվել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG