Մատչելիության հղումներ

Հայկական «միաեղջյուրի» տարին. բարձր տեխնոլոգիական հաջողությունները 2021-ին


Բարձրտեխնոլոգիական ոլորտում 2021-ի գլխավոր իրադարձությունը Picsart-ի աննախադեպ հաջողությունն էր։ Լուսանկարների, տեսանյութերի խմբագրման ծառայություններ առաջարկող հայաստանյան ընկերությունն անցած տարում դարձավ Հայաստանում ստեղծված առաջին unicorn սթարթափ ընկերությունը, որի արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ 2021-ը ներդրումների ու հաջողության տարի էր ոչ միայն Picsart-ի համար։

Հայաստանյան բարձրտեխնոլոգիական ոլորտի նորեկներն էլ հասցրին 20-21-ում ձեռքբերումներ ունենալ։ Արհեստական բանականությամբ աշխատող Denovo Sciences-ը հայտնվեց Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի 100 հազար սթարթափերից լավագույն 25-ի շարքում։ FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի միջոցով ստեղծված նորաստեղծ ընկերության նպատակն է արագացնել դեղերի մշակման գործընթացը, որը հաճախ տասնամյակներ էր տևում՝ պահանջելով միլիարդավոր դոլարների ներդրում։

«Մենք ունենք ընթացիկ երեք նախագծեր արտասահմանի մեր տարբեր գործընկերների հետ, որոնց նպատակն է ստեղծել առաջին դասի նոր դեղամիջոցներ, որովհետև իրենք նոր տիպի դեղամիջոցներ են», - ասաց Denovo Sciences-ի համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը:

Արհեստական բանականությամբ աշխատող հարթակի համահիմնադիր Զաքարյանը ընկերների՝ Վարդանի ու Մհերի հետ փորձում է հեղափոխություն մտցնել դեղագործական ոլորտում։ Առաջարկում են տասնամյակ տևող լաբորատոր փորձերը նախ վիրտուալ անել՝ հատուկ դրա համար մշակված ալգորիթմի միջոցով, հետո արդեն անցնել իրական լաբորատոր փորձարկումների։ Մոտավոր հաշվարկ ունեն` այդ դեպքում 5 տարվա փոխարեն 2 տարի կպահանջվի տարբեր հիվանդությունների դեմ դեղամիջոցների թեկնածուներ ստեղծելու համար, նաև կնվազեցվի ձախողման հավանականությունը կլինիկական փորձարկումների ժամանակ։

«Մենք վալիդացրել ենք, այսինքն, հաստատել ենք մեր ալգորիթմի աշխատունակությունը` կոնկրետ ստեղծելով մոլեկուլներ հակաքաղցկեղային նպատակով։ Այդ մոլեկուլները ստեղծվել են ոչ միայն համակարգչի մեջ, դրանք սինթեզվել են մեր քիմիկոս գործընկերների կողմից Իտալիայում և հետո փորձարկվել են մեզ մոտ՝ այստեղ լաբորատորիայում, և մենք տեսել ենք, որ իրոք ալգորիթմը կարողանում է ստեղծել մոլեկուլներ, որոնք ունեն այնպիսի ակտիվություն, որը հենց նախնական պլանավորվել է», - ասում է Հովակիմ Զաքարյանը:

Վարդան Հարությունյանը հավելում է. «Սկզբում երեքով էինք` ես, Մհերը, Հովակիմը, արդեն ինը հոգի ենք, կամաց-կամաց մեծացանք»:

Denovo Sciences-ում հավակնոտ ծրագրեր ունեն։
Denovo Sciences-ում հավակնոտ ծրագրեր ունեն։

Երիտասարդ թիմը մոտ ապագայում ցանկանում է յունիքորն ընկերություն դառնալ՝ 1 միլիարդ դոլարից ավելի գնահատվող ընկերություն, այժմ ներդրողներ են փնտրում՝ իրենց գաղափարներն իրացնելու համար. «Երբ ինչ-որ գաղափարի ես գալիս, մինչև իրեն ընկերության վերածելը պետք է հասկանալ` կարող է քեզանից առաջ են արել դա, կամ հիմա են շատ մարդիկ անում, կամ դրա կարիքն ընդհանրապես չկա, այնպես որ մի քանի ամսվա հետազոտությունների արդյունքում տեսանք, որ ժամանակակից մեթոդիկաներում նոր դեղեր գտնելու լիքը խնդիրներ կան, ու խնդիրների մի մասը, իհարկե, մեր մրցակիցները փորձում են լուծել, բայց մի մեծ հատված կա, որ ոչ մեկն այս պահին չի փորձել լուծել, և շուկայում կարիք կա նման մեթոդիկայով ընկերություն ստեղծելու, և դրա արդյունքում եկանք նրան, որ պետք է այս ընկերությունը ստեղծել, զարգացնել»։

Դեռ երեք տարի առաջ պատկերացում էլ չունեին, որ ընկերական զրույցի ընթացքում առաջացած գաղափարը սթարթափի է վերածվելու։ Կորոնավիրուսի համաճարակը փարատեց վերջին կասկածները՝ չնայած տեխնոլոգիական հսկայական առաջընթացին՝ դեղագործության ոլորտում մարդկությունը դեռ հսկայական անելիք ունի։ Denovo Sciences-ում հավատացած են՝ արհեստական բանականությամբ իրենց ալգորիթմը կարող է իրական հեղափոխական նորարարություն դառնալ ամբողջ աշխարհում։ Գերնպատակն ամենօրյա համառ աշխատանք է պահանջում։

«Քանի որ ինքը գիտական ուղղվածությամբ է, ու ամեն օր մենք նոր գրականություն ենք կարդում, տեսնում ենք` նոր հետաքրքիր հոդվածներ կան, ու փորձում ենք նորից այդ ամեն ինչը փորձարկել, հասկանալ: Այս փոփոխությունն անենք, կարող է ավելի լավ ստացվի, ու փորձում ենք հասկանալ` ամենալավ մոտեցումը ոնց կարող է լինել», - ասում է Denovo Sciences-ի համահիմնադիր Մհեր Մաթևոսյանը:

Իսկ ոլորտում նորարարական գաղափարների պակաս չկա։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը կասկած չունի՝ 2022-ին նոր ու հաջողած սթարթափերի մասին կլսենք. «Ճիշտ է, որ յուրաքանչյուր սթարթափը, որ ստեղծվում է Հայաստանում, չի դառնալու յունիքորն կամ բոլորովին չի հաջողելու, բայց հակառակն էլ կարող եմ ասել, որ ակնկալում եմ շատ ավելի շատ նորանոր ընկերություններ, որ հաջողելու են»:

Նորաստեղծ սթարթափերից Zoomerang-ն արդեն սկսել է միջազգային շուկա մտնել։ Հավելվածը, որ հնարավորություն է տալիս խմբագրել կարճ տեսանյութեր՝ սոցիալական ցանցերի համար, App Store-ում ու Google Play-ում մի քանի տարում միլիոնավոր բեռնումներ է ունեցել և շարունակում է տարածվել։ Օգտատերերի շարքերում նաև հայտնի դեմքեր են, հպարտանում է համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը։ Zoomerang-ը Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի 100 հազար սթարթափերից թոփ 100-ի մեջ է ընդգրկվել։

«Հավելվածն արդեն ունի 25 միլիոնից ավելի ներբեռնում ամբողջ աշխարհից, ամենատարածվածը հիմա Ամերիկայում է», - պատմում է Դավիթ Գրիգորյանը:

Սթարթափը գնելու 20-ից ավելի առաջարկներ են ստացել։ Առայժմ չեն շտապում, ձգտում են հասնել իրենց հավակնոտ նպատակին` դառնալ նույնքան ճանաչելի, որքան հայաստանյան Picsart-ն է կամ ամերիկյան Ինստագրամը։

Բարձրտեխնոլոգիական ոլորտի երիտասարդ սկսնակներին նախորդ հաջողության պատմություններն են ոգևորում, թե ինչպես են քիչ միջոցներով ու հնարավորություններով հայաստանյան սթարթափերը հասել մինչև միջազգային շուկա ու հաջողել արդեն որպես կայացած ընկերություն։

XS
SM
MD
LG