Մատչելիության հղումներ

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի բազմաթիվ բնակիչներ բերքը կորցնելուց հետո չնչին փոխհատուցում են ստացել


Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում առաջնային խնդիրները հաշվելիս ձեռքերի մատները չեն հերիքում։ Կենցաղային դժվարություններն այնքան շատ են, որ բնակիչներն արդեն մոռացել են տասնամյակներ շարունակ Կաճաճկուտի համար գլոբալ համարված հարցը՝ սողանքը, ոչ ոք այդ մասին չի էլ խոսում:

«Լրիվ խնդիր ա, որն ասես, որ խնդիր չի, ճամփեքը խնդիր ա, ջուրը խնդիր ա, էլեկտրաէներգիան խնդիր ա, եղանակը, որ վատ ա լինում, տոկերը պաժառ ա ընկնում՝ սաղ տոկերն անջատվեց», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

«Գյուղի էլեկտրական սյուները, փայտից ստոլբեքը, քաշել են 50-ական թվականներին անցնող դարի, դեռ էն ստոլբեքն ա, որ նայեք, տեսնում եք՝ ծռմռված, մի թեթև քամի ա անում, գյուղում լույս չկա», - ներկայացրեց Կաճաճկուտի մեկ այլ բնակիչ:

Խնդիրները թվարկելիս խոսքը խոսք է բերում։ Քիչ էին տուժած, անցած տարի էլ վերևից կարկուտ թափվեց։ Ասում են՝ անպատմելի խոշոր էր, առանց բացառության գյուղի բոլոր 90 ընտանիքներն էլ տուժել են. ցանքսերը գետնին հավասարվել, ծառերին միրգ չի մնացել։

Պաշտոնյաները եկել, վնասը հաշվարկել են, փոխհատուցման հույս տվել գյուղացիներին ու ճանապարհ ընկել դեպի քաղաք։ Օրեր անց գյուղի վարչական ղեկավարը տեղեկացել է, որ կառավարությունում հաստատված փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ընտանիքի համար մինչև 6000 դրամ է կազմել։ Դա է առավելագույնը, որ ստացել են միայն առնվազն կես հա ազնվամորու այգիներ ունեցող մոտ 10 ընտանիքներ։ Մյուս՝ ավելի քան 80 ընտանիքներին հասցեագրված գումարը հիմնականում չի գերազանցել 1000 դրամը։

Ավագանու անդամ Արթուր Դավթյանն ասում է՝ անգամ անուններ կային, որ որպես փոխհատուցում 680 դրամ պիտի ստանային, այն էլ պարտադիր փոստից՝ անձնագրով։ Մարդիկ ծիծաղել են այս լուրի վրա ու ձեռքները թափ տվել։

«Շատ զարմանալի թիվ՝ 680 դրամ, թե դա ինչի արժեք էր այդպես էլ չհասկացանք ու պարտադիր պայման, որ պետք է գնան փոստից (ստանան), բնակիչներն էլ, այսպես ասած, ծիծաղով ասացին՝ դե եթե 1000 դրամ տրանսպորտի պետք ա տանք, որ գնանք Աքորիից 680 դրամ... այդպես էլ չստացան», - ներկայացրեց Դավթյանը:

Կաճաճկուտում մեկ տարվա հնության այս տեղեկությունը շատերը չէին էլ հիշում։ Կամ իրենց չեն ներառել այդ փոխհատուցման ցուցակում, կամ էլ իսկապես կարող էին մոռանալ 680-1000 դրամի մասին։

Ամալյա Թամազյանն ազնվամորու այգիներ ունեցող կաճաճկուտցիներից է։ Ասում է՝ ստացել է 100 հազարների վնասի դիմաց փոխհատուցված 5000 դրամը. «Ի՞նչ պետք ա անեինք, մի հատ ավտոյի զապրավկա արեցինք, գնացինք դաշտը եկանք»:

Գյուղի բնակիչները սա շեշտում ու ասում են, թե տարբերակված մոտեցում են տեսնում, անբարեհաճ վերաբերմունք իրենց նկատմամբ:

«Ուղղակի զարմանալի է, ասենք, այդ նույն թվականին Մոտկորում մեր չափ վնաս էր կրել գյուղը, այնտեղ նորմալ փոխհատուցում եղավ, իսկ մեզ... Բարի նախանձով եմ նայում, բայց դե եթե վնաս ա, մենք էլ ենք նույն լոռեցին, նույն հայը, ո՞վ որոշեց, որ ընդեղ պետք ա փոխհատուցվի, իսկ Կաճաճկուտում նորմալ արձանագրվել ա վնասը, բայց արձագանք չեղավ», - ասաց Արթուր Դավթյանը:

Այս ամենը մատնանշելով գյուղացիները ասում են՝ գյուղը դատարկվում է ու դեռ էլի կդատարկվի, քանի դեռ իրենց խնդիրների նկատմամբ անտարբեր են թե՛ համայնքի ղեկավարները և թե՛ ավելի վերևներում։

«Ազատությունն» անցած տարեվերջին էր անդրադարձել, որ Ալավերդի քաղաքին միացված Կաճաճկուտում երկու տարի առաջ, չլուծված բազմաթիվ խնդիրները թողած, ավտոբուսի կանգառ են կառուցել, այն դեպքում, երբ գյուղում առնվազն վերջին 15 տարիներին ավտոբուս չի երևացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG