Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորեց սթափվել, մերժել «Աստծուց մեզ հեռացնող ընթացքները»


Հայ առաքելական եկեղեցին տոնական պատարագներով է այսօր տոնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օրը: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ էին հավաքվել՝ ընտանիքներով, մանկահասակ երեխաներով:

«Տոները, խորհուրդներն իսկապես մեծ նշանակություն ունեն, որպեսզի քրիստոնյան ամրապնդվի իր հավատքի մեջ», - ասում է քաղաքացիներից մեկը:

Սուրբ Ծննդյան պատարագին եկած մարդիկ ասում էին՝ հոգևոր մթնոլորտը օգնում է կտրվել հայաստանյան դժվար օրերից ու հավատալ, որ լավ է լինելու նաև այստեղ՝ ներքևում. «Աստված ինքն ասաց` այն, ինչ որ դուք հոգով-սրտով ցանկանում եք, դուք դա կստանաք, մենք հավատում ենք, որ մեր Հայաստան աշխարհը մի օր կվերածնվի, որ մարդիկ երջանիկ կլինեն»:

Երևանի մայր տաճարում պատարագում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները», - ասաց նա՝ հորդորելով սթափվել, մերժել Աստծուց «մեզ հեռացնող ընթացքները»:

«Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքներում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի», - իր խոսքում նկատեց Գարեգին Երկրորդը:

Ըստ վեհափառի՝ բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածությամբ, սիրով ու խնամքով ուժ կունենաք հաղթահարելլու նեղություններն ու շենացնելու երկիրը:

Իշխանության ներկայացուցիչներից մայր տաճարում ոչ ոք չկար: Վարչապետ Փաշինյանը երեկ ճրագալույցի երեկոյին Սուրբ Ծնունդը շնորհավորեց սաղմոսով, որ կոչվում է «Աղոթք վտանգի պահին»:

«Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, և նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից: Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի միամօրիկ եմ ես և աղքատ: Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից: Տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը և թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին»: Դավթի գրքի այս սաղմոսը ավարտվում է հայրենիքի փրկության աղերսով. «Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից»:

XS
SM
MD
LG